ԵՊՀ ֆակուլտետի դեկանն ու ևս երեք անձ, այդ թվում կաշառք տված ծնողը, կալանավորվել են
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է։ Դատարանն այսօր բավարարել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ նրա նկատմամաբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:
Հայկ Սարգսյանից բացի կալանավորվել են նաև ամբիոնի դոցենտ Գագիկ Տոնոյանը, կաշառք տված ծնողը Գ. Ա.-ն։
Հակակոռուպցիոն կոմիտեն ֆակուլտետի դեկանի տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Սակայն դատարանը նրա նկատմամաբ կիրառել է տնային կալանքը։
Հիշեցնենք, որ կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի, մայիսի 24-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ն, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսները և նրանց կաշառք տված ևս 5 անձ ձերբակալվել են:
Նույն օրը դեկանին, նրա տեղակալին և հիշյալ երկու դասախոսներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հոդված 435. Կաշառք ստանալը
Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը, որը կատարվել է՝
1) մի խումբ պաշտոնատար անձանց կողմից,
2) խոշոր չափերով,
3) կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կամ
4) անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով: