Քաղաքական 12:37 09/11/2023 Հայաստան

Դեմոյան. ԿԳՄՍՆ հանցավոր անփութության արդյունքում խոշոր վնաս է հասցվում պետությանը, մսխվում են ահռելի գումարներ

«Այս տեսքով դասագրքի ներմուծումը հանրակրթական դպրոց անընդունելի և անթույլատրելի է»,-նման համոզմունք է հայտնել ԳԱԱ ՑԵղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ 7-րդ դասարանի պատմության նոր դասագրքի ուսումնասիրությունից հետո։

Նրա խոսքով, պետք է կատարվի քննություն և գտնեն մեղավորներին։

«Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ (Երևան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2023)
Դասագիրք պատրաստելն ու մատաղ սերնդին դրա միջոցով կրթելը ցանկացած երկրի համար ռազմավարական լուրջ խնդիր է, եթե կուզեք՝ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Ի վերջո հենց այդ դասագրքերն են այն կարևոր միջոցները, որոնք որոշիչ դերակատարություն ունեն քաղաքացի կրթելու, քաղաքացիական գիտակցություն ձևավորելու, անձի ինքնությունն ու ինքնագիտակցությունն ամրապնդելու, ինչպես նաև սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության հանդեպ հարգանք ու ակնածանք սերմանելու գործում։

Այս տարի առիթ ունեցա գրախոսելու 2012թ․ լույս տեսած ու 2019 թվականին որոշ փոփոխություններով վերահրատարակված «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքերը, որոնք լույս էին տեսել ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանի ու Աշոտ Մելքոնյանի խմբագրությամբ։ Ասել, որ դրանք կատարյալ ֆիասկո ու խայտառակություն են, կնշանակի ոչինչ չասել։ Ոչ մի հետաքննություն, ոչ էլ մեղավորների փնտրտուք տեղի չունեցավ։ Որպեսզի այդ գրախոսությունները չընկալվեին սոսկ որպես ինքնանպատակ քննադատություն, բաց հայտարարություն տարածեցի ուղղված ԿԳՄՍ պատասխանատուներին, հայտնելով իմ պատրաստակամությունը ԱՆՎՃԱՐ հիմունքով մասնակցելու նոր դասագրքերի բովանդակության շուրջ քննարկումներին ու անել համապատասխան շտկումներ ու առաջարկություններ։
Անշահախնդիր այս առաջարկս մնաց անպատասխան․․․

Այժմ անդրադառնանք Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» դասագրքին։ Նշեմ, որ հեղինակին չեմ ճանաչում և դա կարևոր հանգամանք է հնարավորինս անաչառ կարծիք ու տեսակետ ներկայացնելու համար։ Ես ծանոթացել եմ դասագրքի բովանդակության շուրջ հրապարակված պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ Միքայել Բադալյանի ու պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի, պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ Վանո Կարապետյանի կարծիքներին ու դիտողություններին, լսել ու կարդացել եմ հեղինակի հակադարձումներն ու հիմնավորումները։ Այո, համաձայն եմ դասագրքի հեղինակի այն ձևակերպումների հետ, համաձայն որի դասագիրքը ինքնության ու ինքնագիտակցության կազմակերպման կարևոր գործիք է և ստորև բերված դիտարկումներն ու գնահատականները չէի ցանկանա, որ ընկալվեին որպես անձնական վիրավորանք կամ մասնագիտական կարողությունները հարցականի տակ դնելու միտում կամ նպատակ։
Հենց սկզբից երկու կարևոր հաստատագրում եմ ցանկանում անել․ ինձ, որպես գիտությամբ զբաղվող անձի, սկզբունքորեն անընդունելի են բոլոր ծայրահեղ ու ծայրահեղական կարծիքներն ու կոչերը, հատկապես երբ դրանք հնչեցվում են ոչ մասնագիտական շրջանների կողմից։

Միաժամանակ հավասարապես անընդունելի են հենց այդ անընդունելի ու մերժելի քննադատությունը որպես վահան վերցնելն ու դրանով պաշտպանվելը՝ ակնհայտ սխալներն ու թերացումները չտեսնելու, մասնագիտական տեսակետները շրջանցելու ու զանց առնելու համար, դրանք որակելով «ուղղորդված ու ավելի շուտ վնաս հասցնելու» միտումով արված քայլեր։
Դասագրքի հեղինակը, հանրային իր խոսքում անդրադառնալով դասագրքում առկա սխալներին ու անճշտություններին, նշում է հետևյալը․ «դասագիրքը գրել ենք սեղմ ժամկետների շրջանակում, որը ենթադրում է նաև որոշակի վրիպումներ, որոշակի վրիպակներ, տեխնիկական խնդիրներ» (Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ, հոկտեմբերի 18, 2023)։ Նման ձևակերպումները բացարձակ անընդունելի են։ Դասագիրքը գրահրատարակչական այն միավորն, է որտեղ հակացուցված է ցանկացած վրիպակ ու սխալ, լինի դա բովանդակային, տեխնիկական, թե սրբագրական։ Դա նույնիսկ չի էլ քննարկվում։ Նման ինքնաարդարացումները ոչ մի պարագայում ընդունելի ու համոզիչ չեն կարող համարվել։
Եվս մեկ կարևոր դիտարկում․ դասագիրքը, նամանավանդ պատմության դասագիրքը, չի կարող լինել անհատ հեղինակի աշխատանք։ Լինի դա Սմբատ Հովհաննիսյանը, թե Հայկ Դեմոյանը, ակադեմիկոս, թե գիտության թեկնածու, նման կարևոր հանձնառությունը միմիայն պետք է հանդիսանա մասնագիտական և մանկավարժական լուրջ կարողություններ ու գիտելիքներ ունեցող խմբագրակազմի աշխատանքի արդյունք։ Որպես վերապահում նշեմ, որ հայ ժողովրդի պատմության այս ժամանակաշրջանը ուղղակիորեն չի առնչվում իմ անմիջական հետազոտական հետաքրքրությունների ժամանկագրությանը, սակայն ակնհայտ սխալներին ու անճշտություններին չանդրադառնալ չէի կարող։ Կրկնություններից խուսափելու համար, չեմ անդրադարձել պատմաբան-գործընկերների արված դիտողություններին։

Տեսողական նյութի մատուցում

Դասագրքի մեթոդական նորույթը, կամ որևէ քայլ այդ ուղղությամբ, ուղղակի խամրում ու հօդս է ցնդում դասագրքի կառուցվածքի հետ առաջին իսկ թռուցիկ ծանոթացումից հետո։ Առաջին իմ եզրակացությունն արդեն հանրայնացրել եմ․ ծանոթանալով դասագրքի պատկերազարդումներին, այն որակեցի որպես բացարձակ խոտան՝ դրանում ընդգրկված լուսանկարների, քարտեզների ընտրության որակական ու տեխնիկական չափանիշերը հաշվի առնելով։ Եթե ավելի կտրուկ միտքս ձևակերպեմ, ապա դասագրքում ընդգրկված տեսողական նյութի նման կամայական ընտրությունն ու մատուցումը ուղղակիորեն ոչնչացրել է տեքստային բովանդակությունն ու մեթոդական նորությունները որպես այդպիսին։
Հատկապես պատմության դասագրքերում տեսողական նյութի համադրումը տեքստային բովանդակության հետ հավասարապես կարևոր է ու որոշիչ։ Հենց տեսողական նյութն է պատմություն առարկան դարձնում գրավիչ ու ուսանելի՝ նպաստելով նյութի մատուցմանը ու աշակերտների մոտ տեսողական կապի հաստատմանը բուն նյութի շարադրանքի հետ։
Դասագրքում ընդգրկված 62 լուսանկարներից 22-ը, այսինք շուրջ մեկ երրորդը, կապ չունի կամ չի ներկայացնում որևէ տեսողական նյութ, որն ուղղակիորեն առնչվում է հայ ժողովրդի պատմությանը կամ մշակութային ժառանգությանը։ Ըստ որում, դասագրքի առաջին 32 էջում հայկական նյութն ընդհանրապես բացակայում է։

Դասագիրքը զուրկ է հայկական մշակութային ժառանգության բացառիկ նմուշների ներկայացումից։ Հնագիտական հարուստ նյութի՝ աշխատանքի գործիքների, զարդարվեստի, կավագործության, քանդակագործության նմուշները ներկայացված չեն այն մակարդակով, ինչպիսին դա կպահանջվեր հայկական քաղաքակրթությունը ներկայացնելու համար։ Դասագրքի էջերում թեպետ խոսվում է այս կամ այն տաճարի մասին, սակայն քրիստոնեական ճարտարապետական ժառանգությունից չկա և ոչ մի հուշարձան, բացակայում են հայկական մայրաքաղաքների որևէ համայնապատկերի լուսանկար, եթե չհաշվենք Վանի բերդի անորակ լուսանկարը։ Չկան բերդերի և այլ աշխարիկ շինությունների նմուշներ։ Հայկական մշակութային ժառանգության կարևորագույն նմուշների՝ վաղ շրջանի խաչքարերի լուսանկարներն իսպառ բացակայում են։ Տպավորություն է ստեղծվում, կարծես ինչ որ հատուկ դիտավորությամբ, զտվել է կարևորագույն այդ պատկերագրությունը՝ աշակերտներին համապատասխան մակարդակի տեսողական նյութը չտրամադրելու նպատակով։

Առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում, որ լուսանկարչական նյութն ընտրվել է առանց որևէ սկզբունքի ու մեթոդի։ Այն կրել է կամայական բնույթ և, ըստ ամենայնի, վերցվել է Համացանցից՝ ինչ պատահի սկզբունքով։ Անտեղի են հույն պատմիչների լուսանկարների կրկնությունները՝ նրանց աշխատություններից մեջբերումներ կատարելիս։ Անհասկանալի է նաև Հովնաթանյանների գործերի առատությունը տարբեր դարաշրջանների դեմքերի ներկայացնելիս։ Ձեռագիր մատյանների, մանրանկարչության թեմայով լուսանկարներ որպես այդպիսին չկան։ Որոշ լուսանկարների զետեղումը բացարձակապես անհասկանալի է, քանի որ դրանք իմաստային որևէ նշանակություն չունեն (օրինակ՝ Մարկոս Յոնիանուս Հուստինուսին ներկայացնող լուսանկարը, էջ 79)

Դասագրքում ընդգրկված տեսողական նյութի բացատրագրերը և դրանց ծագումնաբանության հիշատակումները նույնպես լրջորեն կաղում են։ Չի հասկացվում այս կամ լուսանկարում ներկայացված իրի կամ առարկայի պատկանելիությունը, գեղարվեստական գործերի հեղինակները, դրանց դարաշրջանները և այլն։ Որոշ լուսանկարներ, որոնք ժամանակակից անհեղինակ ու անհայտ գործեր են, ուղղակի անհասկանալի տրամաբանության արդյունքում հայտնվել են դասագրքում։

Բացարձակ սխալ է դասագրքում մատուցված զինանշանագիտական, կամ հերալդիկ բնույթի նյութերի ընտրությունն ու դրանց բացատրագրերը։ Դրանք, մեղմ ասած, վիճելի վերականգնումներ են և դրանց պատմականությունը տակավին լուրջ վերանայումների կարիք ունի։ Օրինակ՝
Էջ 97 Անհասկանալի է, թե ի՞նչ սկզբնաղբյուրից է օգտվել դասագրքի հեղինակը, երբ մեկնաբանում է Արտաշիսյանների, մասնավորապես Տիգրան Մեծի թագի վրա պատկերված արծիվների  ու ութանկյուն աստղի խորհրդանշանների իմաստը։ Լուրջ տարակուսանք է առաջացնում երկու արծիվների ներկայացումը որպես Աշխարհաժողովի խրհրդանշաններ։ Ընդունված է համարել, որ Արտաշիսյանների թագի այդ կոմպոզիցիան հանդիսանում է արքայական տան զինանշանը։
էջ 101 վիճելի է նաև Արշակունիներին վերագրվող դրոշի վերակազմությունը, որն ավելի շատ հիշեցնում է Արտաշեսյանների թագի վրա դրվագված զինանշանային հորինվածքը
Էջ 128 Մարզպանական Հայաստանի դրոշի վերակազմությունը խիստ վիճելի է։ Չկա որևէ աղբյուր, որի հիման վրա կարելի է անել նման վերակազմություն։
Էջ 158 Բագրատուներին վերագրվող զինանշանն իրականում վերագրվում է Մամիկոնյաններին ու Պռոշյաններին, քանզի այդպիսի հորինվածքով հերալդիկ խորհրդանշաններ հանդիպում են վերջիններիս ժառանգական տարածքներում գտնվող հուշարձանների վրա (Դսեղ, Գեղարդ, Եղվարդ, Խախու վանք, և այլն)։ Մագիլներում գառ կամ այլ կենդանի բռնած արծիվը դասագրքում ներկայացված է որպես Բագրատունիների զինանշան, այնինչ նույն զինանշանի կողքին Գագիկ Ա արքայի ու Կատրանիդեի պատկերներով նկարում առկա է դրոշ՝ վազող հովազի կամ առյուծի պատկերով, որը պատկերված է Անի մայրաքաղաքի Ավագ դռան վրա և համարվում է Բագրատունիների տոհմական զինանշանը։ Ստացվում է երկու տարբեր հերալդիկ կենդանիների ու հորինվածքների վերագրում Բագրատունիներին՝ միևնույն էջի վրա, որը շփոթմունք է առաջացնելու աշակերտների մոտ։
Այնուհետև
Էջ 68 Աթաթուրքի անվան հիշատակումը վաղ շրջանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում այնքան էլ ցանկալի չէ։ Թուրքիայի տարածքում գտնվող ամբարտակի մասին խոսելիս կարելի էր չհիշատակել, թե ում անունով է այն կոչվում։ Դրանից դասագրքի բովանդակությունը հաստատապես չէր տուժի։
Էջ 118-19 Անհասկանալի է, թե ինչու Արշակավանի կառուցման դրվագը մեջբերված է երկու հայ պատմիչների գործերից, որոնց ուղեկցում են կատարյալ անորակ ու անհասկանալի լուսանկարներ։ Դրանցից մեկի փոխարեն կարելի էր տալ Ձիրավի ճակատամարտի նկարագրությունը։
Էջ 142 Մուավիայի մասին լայնածավալ ու մանրամասն տեղեկությունը այնքան էլ չի տեղավորվում հայ ժողովրդի պատմության համատեքստում, այնինչ դրա փոխարեն կարելի էր մեր պատմությանը վերաբերող պատմական կարևոր մի վավերագրից կամ պատմիչներից մեջբերումներ կատարել։

Տեխնիկական խնդիրներ

Դասագիրքը կազմարարական աշխատանքների փուլում թելակար չի արվել։ Իսկ դա նշանակում է, որ մի քանի թերթումից հետո ու անորակ սոսինձ օգտագործելու դեպքում դասագրքի թերթերը պոկվում ու առանձնանում են միմյանցից, աշակերտներին ու ծնողներին ստիպելով դրանք կրկին վերականգնել։ Հրատարակության տառատեսակն ու լուսանկար-տեքստ համադրությունն անհամաչափ է՝ ի վնաս տեսողական նյութի, որն ուղղակի կորչում է և բացարձակապես չի հանդիսանում լրացուցիչ տեղեկություն հաղորդող միջոց։
Իմ ձեռքի տակ եղած դասագրքի օրինակի հենց առաջին էջի բոլոր նախադասությունների վերջին տառերը բացակայում էին տեքստում՝ վատ տպագրական ու կազմարարական աշխատանքի արդյունքում։ Որոշ հատվածներում տողերի խտացման հետևանքով բառերը ամբողջ տողում միմյանց կպած են։
Դասագրքում առկա են ոճաբանական ու սրբագրական բնույթի մի շարք անթույլատրելի սխալներ։ Մասնավորապես՝
Էջ 16  «Դեռ հնագույն ժամանակներից ի վեր, բայց հատկապես Օսմանյան կայսրության կատարած Հայոց ցեղասպանությունից հետո հայերը համայնքներ են հիմնել աշխարհի տարբեր շրջաններում, որոնք հայտնի են սփյուռքներ անվամբ»։
Էջ 21 Քարի դարի ժամանակագրությունը ներկայացնում է ընդհանուր ժամանակագրություն, այն դեպքում,  երբ կարելի էր ներկայացնել Հայկական լեռնաշխարհին վերաբերող ժամանակափուլերը։
Էջ 62  Անտեղի է Սելևկոս Ա-ի դրամի վրա եղած դիմապատկերի մանրամասն ու լայնածավալ քննարկումը, որտեղ օգտագործված հատուկ անուններն անհարկի ծանրաբեռնելու են աշակերտներին
Էջ 67-68 «Արքայական ճանապարհը» մի էջում գրված է մեծատառով, մյուս դեպքում՝ փոքրատառ
Էջ 70 «Վրաստան» աշխարհագրական անվան օգտագործումը անհարիր է տվյալ ենթատեքստում, նամանավանդ երբ այդ անունն օգտագործված է էջ 80-ի քարտեզում, որպես ժամանակակից պետության անվանում։
Երվանդ IV-ի եղբոր՝ Երվազի քրմապետ հանդիսանալու հիշատակումը կրկնվում է (էջ 66 և 72)
Էջ 95 «Հայկական հելլենիզմ» հասկացությունը խիստ վիճելի է, քանի որ հելլենիզմը չէր կարող ունենալ ընդգծված էթնիկ կամ պետական յուրահատկություններ: Ավելի ճիշտ կլիներ օգտագործել «տեղական» եզրը։
Էջ 100 «Ի՞նչ առանձնահատկություններ ուներ Արտաշեսյան հելլենիստական Հայաստանի մշակույթը»։ Ըստ իս, հելլինիզմը չի կարող սահմանազատվել գահատոհմերի կառավարման ժամանակաշրջանով
Էջ 106 «Հայաստանում գահն անցավ նոր՝ Արշակունյաց հարստությանը, որը Մեծ Հայքի համար ապահովեց ևս մի քանի հարյուր տարվա պատմական հեռանկար»։
Էջ 132 «․․․պարսիկները պայմաններ են ստեղծում, հայերը ուրանան հայրենի կրոնը (՞) և տարալուծվեն պարսկական քաղաքակրթության մեջ․․»
Հանդիպում են նաև բառերի մեջ տառերի բացթողումներ կամ կրկնություններ էջ 58, 130, 135,
Դասագրքում զետեղված լուսանկարների ու քարտեզների վատ գունաբաժանման արդյունքում նյութի մատուցումը խոտանված է։ Նեղ մասնագիտական լեզվով ասած, դրանց մեծ մասը «ֆոկուսից ընկած է», ինչը ոչ միայն ստվերել է կատարված աշխատանքը, այլև առողջական, ի մասնավորի՝ տեսողական խնդիրներ կարող է առաջացնել աշակերտների մոտ։

Քարտեզներ

Էջ 14-ի քարտեզը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի դիրքն ու 15 աշխարհները։ Իսկ ավելի ճիշտ կլինի ասել, որ այն չի ներկայացնում, քանի որ քարտեզի վրա առկա տեղանունները հազիվ ընթեռնելի են, հետևաբար հարցաշարում ընդգրկված «ցույց տուր լեռնաշղթաները» հանձնարարությունը որևէ կերպ հնարավոր չէ կատարել։

Էջ 22-ի քարտեզը վատ գունաբաժանման արդյունքում կարելի է ասել անօգտագործելի է։
Էջ 80-ի քարտեզը, որը լուրջ քննարկման ու քննադատության առարկա դարձավ, մեթոդական առումով սխալ է կազմված։ Առաջին հերթին այն վերաբերում է աշխարհագրական անուններին, ավելի ստույգ՝ մերօրյա պետությունների անունների ոչ ճիշտ մատուցմանը։ ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)  պատմական տեղանունը չի ներառում միայն այսօրվա Հայաստանի Հանրապետության սահմանները, այլ ընդգրկում լայնածավալ տարածք, քանի որ այն պատմա-աշխարհագրական անվանում է։ Տվյալ քարտեզի պարագայում պետք է օգտագործվեին պետությունների ժամանակակից ու պաշտոնական անվանումները՝ Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջնի Հանրապետություն և այլն։ Նույն խնդիրն առկա է «Ադրբեջան» տեղանվան հետ։ Եթե ընդունում ենք, որ դա պատմական Ադրբեջան տեղանունն է, ապա այն կիրառելի չի Արաքսից հյուսիս ընկած երկրամասերի համար։ Ատրպատական անվան հիշատակումը նույն քարտեզում լուրջ տարընթերցումների տեղիք է տալիս։ Հասկանալի չի նաև, թե որպես ի՞նչ է օգտագործվել «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» տեղանունը։ Որպես պետական միավորի անուն, թե՞ որպես աշխարհագրական անուն։ Երկու դեպքում էլ առաջանում են նոր հարցեր ու լրացուցիչ ճշգրտումների կարիք կա այս դեպքում։

Մեթոդաբանություն
Հեղինակը փորձել է հայոց պատմության շարադրումն ու մատուցումն իրականացնել նոր եղանակներով և հարցադրումների ու տրամաբանական մոտեցումների նոր գործիքակազմ օգտագործել։ Աչք է ծագում հարցաշարերում այսօրվա իրականության հետ հաճախ հում, անհամոզիչ ու արհեստական հարցադրումները, որոնք մատուցվող նյութի հետ շինծու համադրման տպավորություն են թողնում (տես էջ 53, 57, 69, 72, 82, 115)։ Որոշ դեպքերում անհնար է չնկատել նման հարցադրուների բացահայտ քաղաքական ենթատեքստը: «Այսօր» բառը, կարծում եմ, անհարկի է չարաշահված դասագրքի տեքստը շարադրելիս։ Դպրոցական դասագրքերը պետք է զերծ լինեն որևէ քաղաքական օրակարգ ու իշխանական քմահաճույքներ սպասարկելուց։

Ամփոփում

Այս տեսքով դասագրքի ներմուծումը հանրակրթական դպրոց անընդունելի և անթույլատրելի է։ Հերթական անգամ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության հանցավոր անփութության արդյունքում խոշոր վնաս է հասցվում պետությանը, մսխվում են ահռելի գումարներ։ Այս ամենով հանդերձ, քիչ հավանական է, որ նախարարության համապատասխան օղակներում կտարվի համապատասխան քննություն և կգտնվեն մեղավորներ՝ նախորդ ու ներկա թերացումների ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում թույլ տված կոպիտ սխալների, սխալ քաղաքականության ու որոշումների համար։

Դասագրքերի պատրաստման գործում քրոնիկ ու արատավոր դարձած այս պրակտիկային պետք է մեկնդմիշտ վերջ տալ ու համար մեկ մեղավորը այս պատմության մեջ համակարգային կոռուպցիայի դրվագներից մեկն է, որը վաղուց իր պալարները տարածել ու ամրակայել է ԿԳՄՍ համակարգում»։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:54
Մեկ օր Դավթաշենի և Քասախի շատ հասցեներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի...
Աղբյուր` Panorama.am
09:52
AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph
Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական  AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:35
Դատական դեպարտամենտն ու Civic-ը
Դատական դեպարտամենտը շտապել է տեղեկացնել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի դատավոր հոր հախից ԲԴԽ-ն դեռ անցած տարի է եկել։...
Աղբյուր` Panorama.am
09:27
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Երևանի և Բաքվի միջև գործընթացում Բլինքենի մասնակցության մասին
«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին և Ապրես...
Աղբյուր` Panorama.am
08:25
«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը
«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
08:18
ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}