Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի էջը փակել են Հայաստանի իշխանությունները, բայց ո՛չ հայ ժողովուրդը. Արեգա Հովսեփյան
«Գիտենք, թե այժմ իշխանության ովքեր են ու իրենցից ակնկալիքները շատ հստակ են։ Արդեն կանխատեսում ենք, թե ինչպիսի վերաբերմունք է դրսևորվելու, ինչպիսի որոշումներ են կայացվելու»,- ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց նախաձեռնության աջակից արցախցի Արեգա Հովսեփյանը։
Նրա կարծիքով, օրենքի նախագիծը պետք է անպայման անցնի օրենսդրական, օրինական բոլոր փուլերով. «Դա միանշանակ է, և անկախ իշխանությունների վերաբերմունքից, պետք է այս բոլոր գործընթացները տեղի ունենան»։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք սա ուշացած գործընթաց չէ և ի՞նչ է տալու, եթե անգամ խորհրդարանի կողմից ընդունվի, ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Արցախը միշտ արդի է, Արցախի հարցը միշտ արդի է։ Արցախի էջը մենք չենք փակել, Արցախի էջը փակել են Հայաստանի իշխանությունները, բայց ո՛չ հայ ժողովուրդը։ Իսկ այս «Հայաքվե»-ն ուղիղ ժողովրդավարությունն է, ուղիղ ժողովրդի խոսքն է, ով ասում է, որ ինքը Արցախի էջը չի փակել։
Արցախը վերադարձնելու են ոչ միայն այս փաստաթղթով, այլ նաև սրանով՝ ունենալով ազգային իշխանություններ»։
Հիշեցնենք, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։