Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում և Հայաստանում
Առողջություն
15:52 10/07/2026
Հայաստան

Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում և Հայաստանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական 
կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը 
շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։

2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝

·1759 հաստատված դեպք

·600 հաստատված մահ

Ուգանդայում, հուլիսի 9-ի դրությամբ, գրանցվել է՝

  • 20 հաստատված դեպք,
  • 2 հաստատված մահվան դեպք,
  • 1 հավանական դեպք,
  • 1 հավանական մահվան դեպք։

Ֆրանսիայում հունիսի 24-ին հաստատվել է մեկ ներմուծված դեպք՝ Կոնգոյի Դեմոկրատական
 Հանրապետությունից վերադարձած բուժաշխատողի մոտ։

ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի վերջին իրավիճակային զեկույցի համաձայն՝ բռնկումն ընդգրկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 35 առողջապահական գոտի, որոնցից 28-ում վերջին 21 օրվա ընթացքում շարունակվել է հիվանդության փոխանցումը։ Ամենաշատ դեպքերը  շարունակում են գրանցվել Իտուրի նահանգում, որտեղ արձանագրվել է ընդհանուր դեպքերի շուրջ 92  տոկոսը։

Ուգանդայում վերջին շաբաթվա ընթացքում նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել։ Վերջին  դեպքը հաստատվել է 2026 թվականի հունիսի 21-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական  Հանրապետություն–Ուգանդա միջազգային երթուղով աշխատող բեռնատարի վարորդի մոտ։ Շարունակվում է շփման  մեջ եղած անձանց բժշկական հսկողությունը։

Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքի կապակցությամբ հիվանդը ախտանիշների  ի հայտ գալուց անմիջապես հետո մեկուսացվել և տեղափոխվել է մասնագիտացված  բուժհաստատություն։ Առողջապահական մարմիններն իրականացնում են կոնտակտավորների  հայտնաբերման և բժշկական հսկողության միջոցառումներ։

Միջազգային գործընկերների հետ համատեղ շարունակվում են հակահամաճարակային  միջոցառումները, մասնավորապես՝
• ակտիվ համաճարակաբանական հսկողություն,
• դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում,
• կոնտակտավորների որոնում և բժշկական հսկողություն,
• լաբորատոր ախտորոշման կարողությունների ընդլայնում,
• բուժման կենտրոնների հզորությունների մեծացում,
• վարակի կանխարգելման և վերահսկման միջոցառումների ուժեղացում,
• սահմանային հսկողության և երկրների միջև համագործակցության ամրապնդում,
• բնակչության իրազեկման և ռիսկերի հաղորդակցման միջոցառումների իրականացում։

Ռիսկի գնահատում

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից նշում են, որ  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական  Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատում է որպես շատ բարձր,  հարևան երկրների համար՝ բարձր՝ պայմանավորված բնակչության ակտիվ տեղաշարժով և  սահմանային հաղորդակցությամբ։

Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին, ԱՀԿ—ն գնահատում է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների  պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակում է մնալ  վերահսկելի։

Իրավիճակը Հայաստանում

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) հիվանդության դեպքեր   չեն արձանագրվել։

Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահական  մարմինները շարունակաբար հետևում են միջազգային համաճարակաբանական իրավիճակին և  համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։

Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է  տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած  անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։

Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր  ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ  այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին  տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։

ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է իրականացնել միջազգային իրավիճակի  մշտադիտարկում և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ բնակչության առողջության  պահպանման նպատակով։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder