ԱՄՆ-ում 40-ն անց կանայք ավելի հաճախ են մայրանում, քան դեռահասները
Առողջություն
18:00 22/07/2026
Աշխարհ

ԱՄՆ-ում 40-ն անց կանայք ավելի հաճախ են մայրանում, քան դեռահասները

Ամերիկացիները կյանքի կարևոր հանգրվաններին, այդ թվում՝ ծնող դառնալուն, ավելի ու ավելի ուշ են հասնում։ Թեև երկրում ընդհանուր ծնելիությունը տասնամյակներ շարունակ նվազում է, 40-49 տարեկան կանանց շրջանում ծնելիությունը շարունակում է աճել։ Վերջին տասնամյակում այս տարիքային խմբում ծնելիության մակարդակը բարձրացել է 24%-ով, իսկ 1990 թվականից ի վեր 40 և բարձր տարիքի կանանց ծննդաբերությունը ավելի քան եռապատկվել է՝ 2025 թվականին հասնելով 4.3%-ի։ Առաջին անգամ 40 տարեկանից բարձր կանայք ավելի շատ երեխաներ են ունենում, քան ամերիկացի դեռահասները։

2024 թվականի տվյալներով՝ 40-49 տարեկան կանանց շրջանում ամենաբարձր ծնելիությունը գրանցվել է Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան)՝ 13.6 ծնունդ 1000 կնոջ հաշվով։ Ցանկում հաջորդում են Նյու Յորքը, Նյու Ջերսին, Հավայան կղզիները և Կալիֆոռնիան։ ԱՄՆ-ի միջին ցուցանիշը կազմում է 7.2 ծնունդ 1000 կնոջ հաշվով՝ 2015 թվականի 5.8-ի դիմաց։

Հետազոտողները այս փոփոխությունը կապում են մի շարք սոցիալ-տնտեսական գործոնների հետ։ Բարձրագույն կրթության տևողության աճը, կարիերայի զարգացման առաջնահերթությունը, ամուսնության հետաձգումը և բնակարանների բարձր արժեքը նպաստում են նրան, որ կանայք երեխաներ ունենալու որոշումը տեղափոխում են ավելի ուշ տարիքի։ Բարձր ցուցանիշներ ունեցող նահանգների մեծ մասը նաև առանձնանում է կրթության բարձր մակարդակով և կյանքի բարձր արժեքով։

Միաժամանակ հարավային նահանգներում, այդ թվում՝ Արևմտյան Վիրջինիայում, Միսիսիպիում և Արկանզասում, 40-49 տարեկան կանանց ծնելիության մակարդակը շարունակում է մնալ ամենացածրերից, թեև 2015 թվականից ի վեր այնտեղ ևս գրանցվել է երկնիշ աճ։

Փոխվում է նաև առաջին անգամ մայրացող կանանց միջին տարիքը․ այն 2023 թվականին հասել է ռեկորդային 27.5 -ի ՝ 1972 թվականի 21-ի համեմատ։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ տարեց ծնողները հաճախ ունենում են ավելի բարձր կրթական և ֆինանսական հնարավորություններ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ երեխաների կրթական և վարքային արդյունքների վրա։

Թեև 40 տարեկանից հետո ծննդաբերությունները դեռևս զգալիորեն ավելի քիչ են, քան 20-30 տարեկան կանանց շրջանում, դրանց կայուն աճը վկայում է, որ ուշ տարիքում ծնող դառնալը աստիճանաբար դառնում է ամերիկյան ընտանիքների առավել տեսանելի առանձնահատկություններից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder