Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփի վարչակազմը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիր կկնքի
Թրամփի վարչակազմը համաձայնության է եկել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային ծրագրի շուրջ, որը, ըստ բազմաթիվ հրապարակումների, թույլ կտա սեփական տարածքում հարստացնել միջուկային վառելիք։
The Wall Street Journal-ը,հղում անելով վարչակազմի անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է շուրջ 30 տարի ժամկետով նախատեսված և տասնյակ միլիարդավոր դոլարների արժեք ունեցող համաձայնագիրը։ Այն նախատեսում է, որ ամերիկյան ընկերությունները առանցքային դեր կունենան Սաուդյան Արաբիայի քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքների ստեղծման գործում, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում ամերիկյան կողմից կառուցված ուրանի հարստացման կայանի կառուցման միջոցով։
Համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի և կհայտարարվի այսօր, որից հետո այն կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսին՝ քննարկման և վերանայման համար։ Սակայն փաստաթուղթը կարող է բախվել ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրների դիմադրությանը՝ Մերձավոր Արևելքում միջուկային տեխնոլոգիաների տարածման և Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ շարունակվող մտահոգությունների պատճառով։
Հաղորդվում է նաև, որ Սաուդյան Արաբիան համաձայնել է միայն միջուկային օբյեկտների սահմանափակ միջազգային ստուգումների՝ նպատակ ունենալով բացառել հարստացված վառելիքի օգտագործումը ռազմական նպատակներով։ Սաուդյան Արաբիայի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում էին տարիներ շարունակ։ Ջո Բայդենի վարչակազմը դրանք կապում էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, որը կանգ էր առել 2023 թվականի հոկտեմբերի 7-ի «Համաս»-ի հարձակումներից և դրանց հաջորդած Գազայի պատերազմի ֆոնին։ Սակայն Թրամփի վարչակազմը առանձնացրել է այս երկու հարցերը և ձգտում է միջուկային համաձայնագիր կնքել Սաուդյան Արաբիայի հետ։
Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և փաստացի ղեկավար Մոհամմադ բին Սալմանը նախկինում բազմիցս հայտարարել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, իր երկիրը նույնպես կգնա այդ ճանապարհով։ Նա դեռևս 2018 թվականին CBS News-ին տված հարցազրույցում նշել էր, որ Սաուդյան Արաբիան չի ցանկանում միջուկային զենք ունենալ, սակայն Իրանի կողմից նման քայլի դեպքում հնարավորինս արագ կհետևի նրա օրինակին։ Նման դիրքորոշումը նա վերահաստատել էր նաև 2023 թվականին Fox News-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ դա կարող է պայմանավորված լինել բացառապես տարածաշրջանային անվտանգության և ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությամբ։