Հին իրանական զարդերը՝ Հոլիվուդի կարմիր գորգին. «Ոդիսական» ֆիլմի սկանդալը
Քաղաքական
14:15 22/07/2026
Աշխարհ

Հին իրանական զարդերը՝ Հոլիվուդի կարմիր գորգին. «Ոդիսական» ֆիլմի սկանդալը

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» ֆիլմի ընթացքում դերասանուհի Զենդայայի կրած մ.թ.ա. 700 թվականով թվագրվող իրանական հնագույն ականջօղերը լայն քննարկումների և քննադատության առիթ են դարձել:

The Guardian-ի փոխանցմամբ,  Լոնդոնում կայացած լուսանկարահանման ժամանակ նա կրել է Զիվիեից հայտնաբերված գանձերին վերագրվող զույգ ականջօղեր, ինչը հնագետների և պատմաբանների շրջանում դժգոհություն է առաջացրել։

Ականջօղերը պատկանում են Լոնդոնի Mayfair թաղամասում գործող Barron London պատկերասրահին, որը հայտնել է, որ դրանք 2025 թվականին ձեռք է բերել լոնդոնցի ոսկերիչ Գլեն Սպիրոյից։ Ըստ պատկերասրահի՝ զարդերը կապվում են Իրանի հյուսիս-արևմուտքում 1947 թվականին հայտնաբերված և հետագայում թալանված Զիվիեից գտնված գանձի հետ։ Հետազոտությունների համաձայն՝ գանձի պահպանված առարկաների զգալի մասը 1960-ականներին հայտնվել է միջազգային հնաոճ իրերի շուկայում և այժմ ցրված է թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։

Իրանում ծնված  պատմաբան, Կուրտոյի ինստիտուտի պրոֆեսոր Սուսան Բաբային քննադատել է արտեֆակտների օգտագործումը որպես կարմիր գորգի աքսեսուար՝ նշելով, որ դրանք ունեն կարևոր մշակութային և, հավանաբար, հոգևոր նշանակություն։ Նրա խոսքով՝ նման առարկաները նախատեսված չեն որպես զարդեր ցուցադրելու համար, քանի որ դրանք մարդկության և համաշխարհային մշակութային ժառանգության մաս են։ Բաբային նաև պնդել է, որ նման կիրառումը զրկում է զարդերին իրենց պատմական և մշակութային իմաստից։

Նույն դիրքորոշումն է հայտնել նաև հնագետ Աննելիս Բերը՝ ընդգծելով, որ հիմնական էթիկական խնդիրը ոչ թե Զենդայայի կողմից ականջօղերի կրելն է, այլ այն, որ դրանք եղել են թալանված ։ Նրա խոսքով՝ դերասանուհու մասնակցությամբ բարձրակարգ միջոցառումը պարզապես հանրային ուշադրություն է հրավիրել այդ խնդրի վրա։

Barron London-ը, իր հերթին, հայտարարել է, որ զարդերը պահպանվում են փաստաթղթավորված և բոլոր իրավական պահանջներին համապատասխան։ Պատկերասրահը նաև ընդգծել է, որ դրանք տրամադրելու նպատակը առևտրային չի եղել, այլ՝ հին պարսկական ոսկերչության արվեստը ներկայացնելը և Իրանի հարուստ մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը խթանելը։

Քննադատությունները հնչել են նաև «Ոդիսականը» ֆիլմի նկարահանման վայրերի ընտրության կապակցությամբ։ Սահրավի կինոգործիչները բոյկոտի կոչ են արել՝ ֆիլմի որոշ տեսարանների նկարահանումները Արևմտյան Սահարայի Դախլա քաղաքում իրականացնելու պատճառով, որը գտնվում է Մարոկկոյի վերահսկողության տակ գտնվող վիճահարույց տարածքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հին իրանական զարդերը՝ Հոլիվուդի կարմիր գորգին. «Ոդիսական» ֆիլմի սկանդալը