Ինչպես ԱՁ-ները կարող են վերադարձնել ապահովագրավճարը
Տնտեսություն
14:50 23/07/2026
Հայաստան

Ինչպես ԱՁ-ները կարող են վերադարձնել ապահովագրավճարը

Հուլիսի 20-ին լրացավ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը։

Ահատ ձեռնարկատերերը (ԱՁ) Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համար վճարում են տարեկան 129 600 դրամ ապահովագրավճար:  Այս պարտավորությունը գործում է, եթե ԱՁ-ի նախորդ տարվա եկամուտը (շրջանառությունը) գերազանցել է 2 400 000 դրամը:

Բանն այն է, որ շատ ահատ ձեռնարկատերեր գրանցված աշխատողներ են այս կամ այն ընկերությունում, ստանում են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ու արդեն իսկ հանդիսանում են Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի շահառու։

Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում գործում է պատուհան, որի վրա գրված է «Ապահովագրավճարի վերադարձման դիմում»։   Պատուհանի վրա սեղմելուց հետո պետք է լրացնել տվյալներն ու սպասել տվյալների ստուգման արդյունքում համապատասխան ծանուցման։ Ծանուցումը ստանալուց հետո մի քանի օրվա ընթացքում, ինչպես հայտնեցին հիմնադրամից, գումարը կվերադարձվի ԱՁ-ի հաշվին։

Նշենք, եթե 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱՁ-ի կամ նոտարի գործունեությունը դադարեցված է եղել, և այդ մասին հայտարարություն է ներկայացվել հարկային մարմին, ապա 2026 թվականին ապահովագրավճարները պետք է կատարվեն գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող ամսվա 1-ից սկսած։

Միաժամանակ, այն ԱՁ-ներն ու նոտարները, որոնց գործունեությունը 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ դադարեցված է եղել, սակայն մինչև վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները կատարել են ապահովագրավճարներ և չեն օգտվել ապահովագրական փաթեթից, ապա վճարված գումարները կարող են հետ ստանալ Հիմնադրամից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder