Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մի քիչ կարճ է պետք գրել էս նախագծերի վերնագրերը, պարոն Հակոբյան. Տիգրան Խաչատրյանը դժգոհություն հայտնեց ՊԵԿ նախագահին
«Մեր հաջորդ օրակարգային հարցը, երկար է, կընթերցեմ, որ պարոն Հակոբյանը չընթերցի, մի քիչ կարճ է պետք գրել էս նախագծերի վերնագրերը, պարոն Հակոբյան»,-կառավարության նիստում ասաց նախագահող փոխվարչապետ Տիգրան խաչատրյանը և ընթերցեց ՊԵԿ-ի ներկայացրած որոշման վերնագիրը.
«Պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից բեռնատար տրանսպորտային միջոցների՝ առանց կուտակային կայանատեղի մուտք գործելու մեկնման դեպքերը, առանձին բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներից բացթողնման առաջնահերթությունները, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները, կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այն ավտոմոբիլային անցման կետերը սահմանելու մասին, որտեղից բեռնատար տրանսպորտային միջոցների մեկնումը Հայաստանի Հանրապետությունից կարող է իրականացվել միայն կուտակային կայանատեղի մուտք և ելք գործելուց հետո»։
Նախագծով նախատեսվում է Բագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ ստեղծել։
«Սա կարևոր բարեփոխում է արտահանումը խթանելու և արտահանման գործընթացները դյուրացնելու համար»,- ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը և նշեց, որ իրավաբանորեն ձևակերպման համար է երկար ստացվել որոշման վերնագիրը։
Նա նշեց, որ նախատեսում է ներդնել նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են սահմանային անցակետերի մոտ հերթերի կառավարմանը և կայանատեղիների ստեղծմանը և այդ նպատակով
ստեղծել կայանատեղիների գործունեության իրավական հիմքեր և միաժամանակ մասնավոր հատվածին հնարավորություն տալ ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքներում։
Հակոբյանի խոսքով՝ որոշման նախագիծը հրապարակային օֆերտա է մասնավոր ներդրողների համար, որպեսզի մաքսային անցակետերի հարակից տարածքներում ստեղծվեն ժամանակակից կայանատեղիներ, որտեղ քաղաքակիրթ պայմաններում կսպասարկվեն դեպի այլ երկրներ արտահանում իրականացնող բեռնատարները։
«Նախագիծը երկու հիմնական նպատակ է հետապնդում. առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում, անխոչընդոտ անցում նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջոցով, երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»,- ասաց նա:
Հակոբյանի ներկայացմամբ՝ կայանատեղիներ կստեղծվեն երկու մաքսային անցակետերի՝ Բագրատաշենի և Ագարակի հարակից տարածքներումորտեղով երթևեկող բեռնատարների համար կուտակային կայանատեղի մուտք գործելը պարտադիր կլինի, և միայն դրանից հետո նրանք կկարողանան շարժվել դեպի մաքսային անցակետ։
Նախագծով սահմանվում են, որ կայանատեղիները պետք է գտնվեն մաքսային անցակետից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր մակերես, լինեն ասֆալտապատ կամ բետոնապատ և պետք է փոխգործակցեն նաև ՊԵԿ-ի մաքսային թվային համակարգերի հետ։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ հերթերի կառավարման համակարգը թափանցիկ է լինելու, տեսանելի բոլորին, կայքի տրամաբանությամբ, երևալու է՝ կայանման համար ինչ տեղեր կան: «Գնի համար առավելագույն չափ է սահմանվում. խոսքը 5000 դրամի մասին է, այսինքն՝ մինչև 5000 դրամ յուրաքանչյուր ներդրող կարող է առաջարկ ներկայացնել պահանջները բավարարելու դեպքում»,- տեղեկացրեց նա:
ՊԵԿ նախագահը նշեց, որ կուտակային կայանատեղիներից մաքսային անցակետեր շարժվելու հերթականության համար սահմանվելու են 3 առաջնահերթ կատեգորիաներ։
«Առաջին հերթին առաջնահերթություն կտրվի արագ փչացող բեռներին՝ կենդանի ձկներին, մսին և մսամթերքին, կաթնամթերքին, բանջարեղենին և շուտ փչացող այլ ապրանքներին։ Երկրորդ առաջնահերթությունը կվերաբերի հատուկ մաքսային ընթացակարգով տեղափոխվող բեռներին, այդ թվում՝ միջազգային միջոցառումների համար նախատեսված ապրանքներին, դիվանագիտական բեռներին և դոնորական օգնության շրջանակում տեղափոխվող ապրանքներին։ Երրորդ առաջնահերթությունը կտրամադրվի լիազորված տնտեսական օպերատորներին, ինչպես նաև բարեխիղճ հարկ վճարողներին, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին»,-ասաց նա։