Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսուհետ հնարավոր է առանց նոտարին այցելելու նորակառույցներում բնակարան գնել, նաև՝ հեռավար
«Ժամանակակից աշխարհում անշարժ գույքի շուկայի զարգացումը համարվում է յուրաքանչյուր պետության տնտեսության կարևորագույն էլեմենտներից մեկը»,-կառավարության նիստում ասաց կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով նոր կարգավորումը, որը քաղաքացիներին հնարավորություն կտա, առանց նոտարի այցելելու և լիազորագրերի ձևակերպման, հեռավար եղանակով ձեռք բերել նորակառույց կամ նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքերում գտնվող անշարժ գույք։
Նրա խոսքով՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կինտեգրվի ձևանմուշ, որը թույլ կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում գնորդը, վաճառողը և բանկը հեռահար էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար, և սեփականատիրոջից, այսինքն՝ կառուցապատողից, սեփականության իրավունքը կփոխանցվի հիփոթեքային վարկավարմամբ ձեռք բերողին և վերջինս կարող է պայմանագիրը վավերացնել թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս:
«Եթե ներկայումս մենք ցանկություն ունեինք նմանատիպ պայմանագիր վավերացնել, ապա քաղաքացին կամ ոչ քաղաքացին, որոնք ունեն իրավունք՝ համապատասխան անշարժ գույք ձեռք բերելու, կա՛մ պետք է գտնվեին ՀՀ-ում և ֆիզիկապես այցելեին նոտարին, կա՛մ պետք է տրամադրեին լիազորագիր որևէ քաղաքացու, անձի, որը պետք է այցելեր, կամ, եթե արտասահմանից էին ուղարկում լիազորագիրը, պետք է համապատասխան ընթացակարգերն անցներ, ապա նոր տեղի ունենար այս գործարքը:
Այս պարագայում, հաշվի առելով, որ բանկը հիփոթեքային վարկը տրամադրելիս ստուգում է գնորդի բոլոր անհրաժեշտ պարամետրերը, ֆինանսական միջոցները, հիփոթեքային վարկի սպասարկման հնարավորությունները և կարողությունները, մենք ներդնում ենք մի ինստիտուտ, որով առանց նոտարական վավերացման՝ եռակողմ պայմանագիրն էլեկնրոնային համակարգում կնքվելուց հետո բանկի կողմից կներկայացվի իրավունքի պետական գրանցման, և սա հիմք կդառնա, որպեսզի գնորդը, չայցելելով նոտարի և համապատասխան լիազորագրերի ընթացակարգը չապահովելով, հնարավորություն ունենա հեռավար ձեռք բերել ՀՀ-ում նոր կառուցվող շենքից անշարժ գույք կամ արդեն նոր կառուցվող շենքը, երբ ավարտական ակտ է ստացել, շահագործման է հանձնվել, տվյալ շենքից անշարժ գույք»,- ասաց Թովմասյանը:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նկատեց, որ այս կերպ ընթացակարգն ավելի է պարզեցվում, քանի որ հանվում է նոտարի վավերացման պահանջը, նաև հնարավոր է ավելի շատ վստահել թվայնացման միջավայրում կիրառվող տեխնոլոգիաներին: