«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Մշակույթ
12:16 24/07/2026
Հայաստան

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում հուլիսի 19-29-ն ընթանում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը՝ որպես առաջին անգամ կոմիտեի անդամ ընտրված երկիր:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և ազգային 5 փորձագետ: Պատվիրակությունը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Հայաստանի կողմից ներկայացված «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» նոր հայտը հաստատվել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում: Հայտը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության միջև ավելի վաղ ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա՝ «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Սա պետություն-մասնավոր համագործակցության ևս մեկ հաջողված օրինակ է:  

Ինչպես նոր գրանցված հայտը, այնպես էլ նախորդ տարիներին գրանցված բոլոր հայտերը հասանելի են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում:

Այսպիսով՝ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին գրանցված 4 հայտերին վերջին 3 տարիների հետևողական աշխատանքի արդյունքում ավելացնում է ևս 4-ը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder