Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան
«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարձակումները մի քանի մակարդակով են իրականացվել»,– ՊԵԿ քննչական վարչության դիմաց, որտեղ այսօր կրկին հարցաքննվում է ԲՀԿ առաջնորդ, գործարար ու բարերար Գագիկ Ծառուկյանը, լրագրողների հետ զրույցում ասեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, առաջին փուլը եղել է ընտրական շրջանում՝ ագրեսիվ և անձնավորված քարոզչությամբ։ Երկրորդը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ իրականացված գործողություններն էին, երբ կուսակցությանը ապօրինի ճանապարհով զրկեցին խորհրդարան մտնելու հնարավորությունից։ Իսկ երրորդ մակարդակը ներկայում ընթացող քաղաքական ճնշումներն են, որոնք, պատգամավորի գնահատմամբ, ուղեկցվում են նաև սեփականության վերաբաշխմամբ։
Աբրահամյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լռության պայմաններում։ Նրա գնահատմամբ՝ այդ լռությունը վկայում է արտաքին դերակատարների վերաբերմունքի և շահագրգռվածության մասին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ։ Նա նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակը լուրջ ազդակ է ներդրողների համար, քանի որ ձևավորվում է տպավորություն, թե իշխանության նպատակահարմարությունից ելնելով ցանկացած պահի կարող են սահմանափակվել կամ խլվել քաղաքացիների և ներդրողների իրավունքներն ու ունեցվածքը։
«Քաղաքական առումով սա նաև ազդակ է հանրությանը, որ մեր երկրում այլակարծությունը կարող է ընդհուպ մինչև անազատության հասցնել»,– ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իշխանությունն այդ կերպ իր համար ձևավորում է քաղաքական գործունեության դաշտը առաջիկա տարիների համար։
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ Աբրահամյանը նշեց, որ դրանք քաղաքական հետապնդումների դրսևորումներ են։ Նա հիշատակեց Սամվել Կարապետյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ հարուցված քրեական գործերը՝ պնդելով, որ իրավապահ համակարգը գործում է քաղաքական հանձնարարականներով, իսկ գործընթացների հետագա զարգացումները կախված են իշխանության քաղաքական նպատակահարմարությունից։
Նրա խոսքով՝ իշխանության խնդիրն էր «Բարգավաճ Հայաստանին» չթույլատրել մտնել խորհրդարան և ցույց տալ, որ ցանկացած ուժ, որը կփորձի խնդիր ստեղծել իշխանության համար, կպատժվի՝ անկախ անձի հեղինակությունից կամ գործունեությունից։
Խոսելով ընդդիմության անելիքների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ այսօր հիմնական խնդիրը ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պայքարելն է։
«Գլխավոր խնդիրը, որը կարող է կանխել մեր երկրում այս զարգացումները, պարզապես իշխանափոխության իրականացումն է»,– ասաց նա։
Պատգամավորի գնահատմամբ՝ հետընտրական իրավիճակը պահանջում է ընդդիմության ռազմավարության փոփոխություն, քանի որ նախկին մեթոդներով գործելու հնարավորություն այլևս չկա։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է վերագնահատի իրավիճակը, մշակի նոր գործելակերպ և գործի այլ ուղղություններով, հակառակ դեպքում նման դեպքերը կշարունակվեն։
«Միայն խորհրդարանով կամ խորհրդարանի միջոցով հնարավոր չէ լուծել իշխանափոխության կամ իշխանության համար իրական դիմադրություն ստեղծելու խնդիրը»,– նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ խորհրդարանական և փողոցային պայքարը պետք է լինեն ներդաշնակ և համակարգված։ Նրա խոսքով՝ տարբեր ընդդիմադիր ուժերը կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, սակայն ռազմավարական հարցերում պետք է հանդես գան միասնական դիրքերից և ձևավորեն ընդհանուր օրակարգ։
Աբրահամյանը նաև կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին հանրային օրակարգում գերակշռում են ձերբակալությունների և քաղբանտարկյալների թեմաները, մինչդեռ հիմնական քաղաքական խնդիրը մնում է չլուծված։ «Այս իշխանության համար կա մեկ նպատակ՝ իշխանությունը հնարավորինս երկար պահելն է, և դրան հասնելու ճանապարհին բոլոր քայլերը ձեռնարկվում են»,– եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։