Նույնիսկ ուղտերը չեն դիմանում շոգին. Աֆրիկայում շոգը սպառնում է նաև կենդանիներին
Առողջություն
16:16 24/07/2026
Աշխարհ

Նույնիսկ ուղտերը չեն դիմանում շոգին. Աֆրիկայում շոգը սպառնում է նաև կենդանիներին

Ուղտերը, որոնք դարեր շարունակ համարվել են անապատի ամենադիմացկուն կենդանիները, Աֆրիկայում նույնպես սկսում են զգալ կլիմայի փոփոխության ծանր հետևանքները՝ հայտնում է BBC-ն։

Եթովպիայի հյուսիս-արևելքում գտնվող Աֆար շրջանում, որը համարվում է Երկիր մոլորակի ամենատաք և ամենաչոր վայրերից մեկը, ծայրահեղ շոգը սպառնում է ոչ միայն մարդկանց, այլև ուղտերին։

Ուղտապանները պատմել են, որ կենդանիները տառապում են բարձր ջերմաստիճանից. կենդանիների ոտքերին բշտիկներ են առաջանում, աչքերը արցունքոտվում են, իսկ տաք ավազը վնասում է մաշկն ու մազածածկույթը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ծայրահեղ շոգի պատճառով սատկել է ուղտի ութ ձագ։

Գիտնականներն ու կենդանիների պաշտպանության ոլորտի մասնագետները նույնպես արձանագրում են, որ բարձր ջերմաստիճանները առաջացնում են ջերմային սթրես, ջրազրկում, հիվանդությունների տարածում և հոգնածություն։ Շոգի ազդեցությունն ավելի է խորանում ջրի, բուսականության և ստվերոտ տարածքների նվազման պատճառով։

Հյուսիսային Աֆրիկայում բնակվում է աշխարհի մեկ սապատ ունեցող դրոմեդար ուղտերի պոպուլյացիայի մոտ 80 -ը։ Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունն արդեն ազդում է ուղտերի առողջության, արտադրողականության և վերարտադրողական կարողությունների վրա։

Սոմալիում երաշտի պատճառով ուղտերի մահացությունը դարձել է լայն տարածված խնդիր։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ճգնաժամը ազդել է ուղտեր պահող բազմաթիվ ընտանիքների վրա, իսկ որոշ շրջաններում կենդանիների անկման մակարդակը հասել է շատ բարձր ցուցանիշների։

Մասնագետների խոսքով՝ ուղտերը կարող են դիմակայել մինչև 40°C ջերմաստիճանի՝ օրգանիզմի հատուկ հարմարվողականությունների շնորհիվ, սակայն ավելի բարձր և երկարատև շոգը նրանց համար վտանգավոր է։ 50°C-ին մոտ ջերմաստիճանները, ջրի պակասը և բուսականության նվազումը մեծացնում են ջերմային սթրեսի վտանգը։

Ծայրահեղ շոգի հետևանքով ուղտերի մոտ նվազում է սննդի ընդունումը, դանդաղում է նյութափոխանակությունը, նվազում է կաթի արտադրությունը և խանգարվում է վերարտադրողական համակարգը։ Մասնագետները նաև արձանագրում են քաշի կորուստ, բորբոքումներ, երիկամների խնդիրներ և վարակների տարածում։

Կլիմայական փոփոխությունները ստիպում են նաև ուղտապաններին փոխել իրենց ուղիները։ Եթովպիայի որոշ շրջաններում նրանք տեղափոխում են իրենց կենդանիներին՝ ջրի և բուսականության ավելի հասանելի պայմանների պատճառով։

Մասնագետների գնահատմամբ՝ թեև ուղտերը երկար ժամանակ համարվել են անապատային պայմանների նկատմամբ ամենադիմացկուն կենդանիներից, ներկայիս ջերմային ալիքների ուժգնությունը նրանց դարձնում է կլիմայական փոփոխությունների նոր զոհերից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder