«100+ հայ կանայք» նախաձեռնությունը հրապարակել է միջազգային կառույցներին ուղղված «ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ՝ ԿՈՏՐԵԼ ԼՌՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ» բաց հայտարարությունը
Քաղաքական
13:50 25/07/2026
Հայաստան

«100+ հայ կանայք» նախաձեռնությունը հրապարակել է միջազգային կառույցներին ուղղված «ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ՝ ԿՈՏՐԵԼ ԼՌՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ» բաց հայտարարությունը

«100+ հայ կանայք» նախաձեռնությունը հրապարակել է «ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ՝ ԿՈՏՐԵԼ ԼՌՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ» խորագրով բաց հայտարարությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Հայաստանում, նախաձեռնության գնահատմամբ, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում առկա մտահոգիչ զարգացումների վրա։

Մեկ շաբաթ առաջ նախաձեռնությունը, որը միավորում է գիտնականների, մշակույթի գործիչների, ձեռներեցների և տարբեր ոլորտների քաղաքացիական առաջնորդների, պաշտոնական դիմում-բողոք էր ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կառույցներին։ Դիմումն ուղղված էր ԱՄՆ-ի, Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներին։

Դիմումում ներկայացվել էին նախաձեռնության մտահոգությունները՝ կապված դատական իշխանության անկախության, օրենքի գերակայության, քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության, խոսքի և ակադեմիական ազատությունների, սեփականության իրավունքի, ինչպես նաև հանրային կյանքի ժողովրդավարական սկզբունքների պահպանման հետ։

Մասնավորապես բարձրաձայնվել էին.

  • դատական իշխանության անկախության թուլացման վերաբերյալ մտահոգությունները,
  • քաղաքական և քաղաքացիական ընդդիմախոսների, այդ թվում՝ կին առաջնորդների նկատմամբ քրեական հետապնդումների դեպքերը,
  • նախնական կալանքի լայն կիրառման և ոստիկանական ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ հարցադրումները,
  • սեփականության իրավունքի պաշտպանության և տնտեսական ճնշումների վերաբերյալ մտահոգությունները։

Նախաձեռնության անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով դիմումն ի սկզբանե ներկայացվել էր չհրապարակելու պայմանով՝ ակնկալելով, որ միջազգային գործընկերները նախ կարձագանքեն բարձրացված խնդիրներին դիվանագիտական և պաշտոնական խողովակներով։

Սակայն, նախաձեռնության փոխանցմամբ, դիմումն ուղարկելուց անցել է մեկ շաբաթ, և մինչ օրս որևէ պաշտոնական արձագանք չի ստացվել։

«100+ հայ կանայք» նախաձեռնությունը նշում է, որ միջազգային կառույցների և դիվանագիտական ներկայացուցիչների լռությունը, հատկապես այն պայմաններում, երբ նրանք հանդես են գալիս որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության պաշտպաններ, չի կարող չմտահոգել քաղաքացիական հասարակությանը։

Այս հանգամանքով պայմանավորված՝ նախաձեռնությունը որոշել է հրապարակայնացնել իր դիմումը և հանդես գալ բաց հայտարարությամբ՝ համոզված լինելով, որ ժողովրդավարական արժեքներին վերաբերող հարցերը չպետք է մնան փակ հաղորդակցության շրջանակում, երբ բացակայում է որևէ պաշտոնական արձագանք։

Հրապարակված հայտարարությամբ նախաձեռնությունը միջազգային գործընկերներին կոչ է անում.

  • հրապարակայնորեն գնահատել Հայաստանում դատական իշխանության անկախության, մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքական հետապնդումների վերաբերյալ բարձրացված մտահոգությունները,
  • պաշտոնապես արձագանքել քաղաքացիական հասարակության ներկայացրած դիմումներին և ձևավորել թափանցիկ ու հաշվետու երկխոսություն,
  • Հայաստանի հետ համագործակցությունը պայմանավորել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և միջազգային պարտավորությունների իրական պահպանմամբ։

Նախաձեռնության անդամները հայտարարում են, որ հրապարակային դիմելու որոշումը կայացրել են՝ լիովին գիտակցելով դրա հետ կապված անձնական, մասնագիտական և իրավական հնարավոր ռիսկերը։ Միաժամանակ նրանք ընդգծում են, որ եթե այս հայտարարությունից հետո նախաձեռնության որևէ մասնակից ենթարկվի պետական հետապնդման, կամայական ճնշման կամ մասնագիտական սահմանափակումների, ապա միջազգային հանրության շարունակվող լռությունը ևս չի կարող զերծ մնալ բարոյական և քաղաքական պատասխանատվությունից։

«100+ հայ կանայք» նախաձեռնությունը վերահաստատում է, որ իր գործունեությունը որևէ քաղաքական ուժի աջակցություն չէ։ Այն բխում է բացառապես ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգանքի սկզբունքներից։

Նախաձեռնությունը հայտնում է նաև, որ պատրաստ է հանդիպել միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու դիմումում բարձրացված հարցերին վերաբերող փաստաթղթեր, իրավական վերլուծություններ և այլ հիմնավորումներ։

«ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ՝ ԿՈՏՐԵԼ ԼՌՈՒԹՅԱՆ ՇՂԹԱՆ». «100+ հայ կանայք» նախաձեռնության բաց հայտարարության ամբողջական տեքստը և նախաձեռնությանը միացած կանանց ցանկը հասանելի են հետևյալ հղմամբ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder