Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով զոհեր են եղել, Զելենսկին զգուշացրել է նոր հարձակման մասին
Քաղաքական
18:20 25/07/2026
Աշխարհ

Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով զոհեր են եղել, Զելենսկին զգուշացրել է նոր հարձակման մասին

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ  Կիևի մարզին ռուսական հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ևս մոտ 100-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախազգուշացրել է երկրի նկատմամբ ռուսական նոր զանգվածային հարձակման հնարավորության մասին։ Այս մասին հայտնում է euronews-ը։

Կիևի մարզում հարվածները հասցվել են նաև զենքի ցուցահանդեսի տարածքին, որտեղ ներկա են եղել երկրի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչներ։ Սլովյանսկում օդային հարվածների հետևանքով ևս հինգ մարդ է զոհվել։ Հարձակման հետևանքով վնասվել է նաև Լատվիայի հյուպատոսությունը Սլովյանսկում։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ հյուպատոսության վրա հարձակումը վկայում է Մոսկվայի բացարձակ արհամարհանքի մասին միջազգային իրավունքի նկատմամբ և հայտնել է Լատվիային աջակցություն։

Նշենք, որ Զելենսկին հաջորդ շաբաթ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում՝ քննարկելու պատերազմի ավարտին ուղղված խաղաղության առաջարկները։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ավելի վաղ բանակցություններ է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ դիվանագիտական գործընթացն ակտիվացնելու շուրջ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է Կիևին զենքի մատակարարումների շարունակման դեմ։ Ռուբիոն, սակայն, նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ փոփոխություն չկա և ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է հասնել խաղաղության ու պատերազմի ավարտին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder