ՄԱԿ-ի փորձագետները պահանջում են անկախ հետաքննություն Մինաբի դպրոցի ռմբակոծության վերաբերյալ
Իրավունք
18:35 25/07/2026
Աշխարհ

ՄԱԿ-ի փորձագետները պահանջում են անկախ հետաքննություն Մինաբի դպրոցի ռմբակոծության վերաբերյալ

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել անցկացնել անկախ հետաքննություն Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի տարրական դպրոցի ռմբակոծության վերաբերյալ, որի հետևանքով, նրանց տվյալներով, զոհվել է 168 երեխա և ուսուցիչ։ Այս մասին հայտնում է Մեհր լրատվական գործակալությունը։

Փորձագետների գնահատմամբ՝ դեպքը վկայում է միջազգային իրավունքի լուրջ խախտումների մասին՝ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում։

Հրապարակված հայտարարության համաձայն՝ դպրոցը 2026 թվականի փետրվարի 28-ին երկու անգամ հարվածի է ենթարկվել դասերի ընթացքում։ Փորձագետները նշել են, որ իրենց հասանելի տեղեկություններով դպրոցը հստակ ճանաչվում էր որպես քաղաքացիական կրթական հաստատություն, և որևէ տվյալ չի եղել, որ այն օգտագործվել է ռազմական նպատակներով։

ՄԱԿ-ի փորձագետները նաև ընդգծել են, որ հարձակումից հինգ ամիս անց ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Իսրայելը չեն հրապարակել կատարվածի վերաբերյալ որևէ հետաքննության արդյունք։ Նրանց խոսքով՝ դա լուրջ հարցեր է առաջացնում հնարավոր քննության անկողմնակալության, արդյունավետության և թափանցիկության վերաբերյալ։ «Արդարադատությունը հետաձգվում է, արդարադատությունը մերժվում է»,– նշվում է հայտարարության մեջ։

Փորձագետների կարծիքով՝ Մինաբի դպրոցի ռմբակոծությունը նաև վկայում է զինված հակամարտության ընթացքում խաղաղ բնակչության, հատկապես կանանց և երեխաների պաշտպանության ապահովման ավելի լայն ձախողման մասին։ Հայտարարության վերջում ընդգծվում է, որ զոհերն ու նրանց ընտանիքներն իրավունք ունեն ճշմարտության, արդարության և արդյունավետ փոխհատուցման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder