Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վովանն ու Լեքսուսը խորհուրդ են տալիս՝ ինչպես չդառնալ հեռախոսային խաբեությունների զոհ
Հեռախոսային խարդախություններից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել շփումը անհայտ անձանց հետ և յուրաքանչյուր անծանոթ զանգի վերաբերվել զգուշությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հայտնի ռուս հումորիստներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով)՝ ներկայացնելով իրենց խորհուրդները, թե ինչպես չդառնալ խաբեբաների զոհ։
Նրանց խոսքով, ժամանակակից պայմաններում հեռախոսն արդեն բարձր ռիսկային հաղորդակցման միջոց է, ուստի ցանկացած զանգի պետք է մոտենալ անվստահությամբ։ Նրանք խորհուրդ են տալիս առաջին իսկ կասկածի դեպքում անմիջապես դադարեցնել զրույցը՝ առանց արդարանալու կամ որևէ բացատրություն տալու։ Հումորիստներն ընդգծել են, որ այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս կեղծել նույնիսկ մտերիմ մարդու ձայնը, ուստի նման դեպքերում ավելի անվտանգ է զանգը դադարեցնել և ինքնուրույն հետ զանգահարել տվյալ անձին՝ համոզվելու, որ զանգն իսկապես նրանից է եղել։
Վովանն ու Լեքսուսը նաև նշել են խաբեբաների կողմից առավել հաճախ կիրառվող մեթոդները։ Նրանց խոսքով՝ զգուշանալ պետք է փողի հետ կապված ցանկացած թեմայից, վախեցնելու կամ շանտաժի փորձերից, էմոցիաների վրա ճնշում գործադրելուց, ինչպես նաև շտապ որևէ գործողություն կատարելու պահանջից կամ կոդեր ու անձնական տվյալներ փոխանցելու խնդրանքից։ Նրանք խորհուրդ են տալիս չտրվել նման մանիպուլյացիաներին, կրկնակի ստուգել ստացվող հաղորդագրությունները և ուշադրությամբ ստուգել բոլոր այն հղումները, որոնք ուղարկվում են անծանոթ անձանց կողմից։