Առաջիկա 10-15 տարիներին դեռ փոշի ենք շնչելու.Բնապահպան
Հասարակություն
12:16 26/07/2026
Հայաստան

Առաջիկա 10-15 տարիներին դեռ փոշի ենք շնչելու.Բնապահպան

Առաջիկա 10-15 տարիներին դեռ փոշի ենք շնչելու։ Այդ մասին «Sputnik Արմենիայի» հետ զրույցում  ասաել է ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը` անդրադառնալով օդի աղտոտվածության հարցին։

«Նշենք, որ հուլիսի 15-21-ին մայրաքաղաքում դարձյալ փոշու բարձր պարունակություն է արձանագվել։ Հատկապես Կոնտրոնում փոշու պարունակությունն օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

2026թ. հունվարին ընդունված շինարարական նորմերով շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումների իրականացումը պարտադիր է դարձել։ Պարտադիր պահանջ է նաև շինհրապարակում օդի որակի մոնիտորինգային սարքի առկայությունը։

«Ես ուր որ գնացել եմ վերջերս, այդ փոշու չափիչները դրված են եղել։ Շինարարների պատմածով` քաղաքապետարանը դրանց միջոցով օնլայն մոնիտորինգ է անում, ու երբ որ փոշու քանակը բարձրանում է, միանգամից ստուգողներ են գալիս։ Բայց ամենաշատ փոշին բարձրանում է «կատլավանը» փորելու գործընթացի ժամանակ, երբ շինհրապարակում դեռ ոչ մի փոշու չափիչ սարք չեն տեղադրել, ջրցան չեն դրել, քանի որ շինթույլտվությունը ստանալուն պես կառուցապատողները որոշում են քանդել` առանց տարածքը սահմանված նորմերի բերելու»,– ներկայացնում է Հայրումյանը։

Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե վերահսկողությունը շինարարական նորմերի պահպանման նկատմամբ ընդհանրապես բացակայում է, բայց և շեշտում է` խախտումները նկատելու համար հանրային աղմուկ է պետք կամ առնվազն պատասխանատուներին անձնապես իրազեկել։

«Խնդիրը բարձրաձայնելուց հետո իրականում տեսնում եմ, որ իրենք էլ են զբաղվում, գնում են, ստուգում են։ Ուղղակի, երբ խնդիրն ավելի լայն հնչեղություն է ստանում, ավելի լավ են զբաղվում։ Բացի դրանից, շատ տեղերում մի օր կարող է` գնան, ստուգեն, փոշի չլինի, կամ տեսնեն`ցանցով փակած է, հաջորդ օրը ցանցը պոկեն կամ քամուց պոկվի ու մի 2 օր պոկված մնա, քամի անի, ամբողջ շինհրապարակը փոշով լցվի»,– ասում է մեր զրուցակիցը։

Նա առաջարկում է անբարեխիղճ կառուցապատողների համար էլ ավելի խստացնել կարգավորումները, բարձրացնել տուգանքների չափերը։

Շինհրապարակները, սակայն, Երևանի օդի միակ աղտոտիչները չեն։ Էդուարդ Հայրումյանի դիտարկմամբ` այդ հարցում մեծ է նաև մայրաքաղաքի վարչական տարածքում ու դրան հարակից հատվածներում գործող ավազահանքերի ու քարհանքերի դերը։

«Դավիթ Բեկի փողոցով իջնելիս ձախ նայեք։ Միշտ փոշու մեջ է այդ հատվածը։ Չեն կարող քաղաքի տարածքում տասնյակ հանքեր գործել` քարի, ավազի և այլն։ Իմ պատկերացմամբ` բոլոր հանքերը պետք է Երևան քաղաքից վերանան։ Իսկ դա առաջիկա առնվազն 10-ամյակի պլաններում նույնիսկ չկա։ Ինչ-որ տեսլական պիտի լինի, որ, օրինակ, 10 տարի հետո Երևանում հանք պիտի չլինի։ Դա պետք է աստիճաաբար արվի. միանգամից չես կարող բռնել ու բոլորը մի օրում փակել։ Բայց այդ տեսլականը նույնիսկ այսօր չկա։ Դրա համար էլ նույնիսկ 10-15 տարի հետո չենք պատկերացնում Երևանն առանց փոշու»,– ասում է հանրային գործիչը։

Փոշու մեկ այլ աղբյուր էլ, նրա համոզմամբ, Երևանի ամայացած կանաչ գոտիներն են։ Հայրումյանի խոսքով` քաղաքում այսօր հեկտարներով բաց գրունտ կա, որը նախատեսված է որպես կանաչ տարածք։

Ուստի, մեր զրուցակցի պատկերացմամբ, միայն շինհրապարակները կարգավորելով կամ կանաչապատում անելով անհնար է քաղաքի օդը զերծ պահել աղտոտումից։ Միջոցոռումներն այդ ուղղությամբ պետք է լինեն համալիր ու համակարգված, հակառակ դեպքում երևանցիներն առնվազն մեկ տասնամյակ դեռ ստիպված են լինելու փոշի շնչել»ասվում է հոդվածում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder