Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Քաղաքական
16:07 27/07/2026
Հայաստան

Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան

«Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ. սա մի հարց է, որը վերջերս օրակարգ է դարձել ներքին Հայաստանում, և կա մի շատ պարզ մարդկային իրականություն։ Երբ քննադատողները իրենք գնան այդ մարզեր, այդ գյուղեր, տեսնեն մարդկանց վիճակը, մարդկանց բողոքները, խնդիրները, ավելին՝ մեկ օր ապրեն այդ մարդկանց խնդիրներով, ինձ թվում է՝ իրենք կհամոզվեն, որ եթե դու կարողանում ես օգնել մարդկանց կյանքը բարելավել, ապա դու պարտավոր ես դա անել, իսկ եթե չես անում՝ դա կոչվում է այլ բան»,- ֆեյսբուքյան էջում տարածած տեսանյութում նման հարց է բարձրացնում «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Արեգա Հովսեփյանը։

Նա նշում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, մի շարք խոստումներ է տվել նախընտրական շրջանում և, կոտրելով բոլոր քաղաքական կարծրատիպերը, ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ հետո վերսկսել է մարզային այցելությունները՝ հատկապես այն մարզերում, որտեղ գրանցել է հաջողություններ։

«Ամեն տեղ, ուր գնում ենք, հարցնում ենք ժողովրդին՝ ի՞նչն է ձեզ ամենաշատը հուզում, ի՞նչ խնդիրներ են, որոնց մենք կարող ենք լուծում տալ։ Օրինակ՝ Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար տրամադրվել է գյուղտեխնիկա, ինչպես նաև Ստեփանավանից դեպի այլ բնակավայրեր կազմակերպվել է մշտապես գործող անվճար տրանսպորտ։ Անում ենք և համոզված ենք, որ մենք՝ որպես ընդդիմություն անգամ, ունենալով բավական սահմանափակ լծակներ և հնարավորություններ, կարողանալու ենք անել շատ ավելին։ Դա մեր ռազմավարությունն է, որ մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք»,- նշում է Հովսեփյանը։

Վերջինս եզրափակելով խոսքը մասնավորապես ընգծում է.

« Այո՛, կհարցնեք՝ մենք խոսում էինք անվտանգային բազմաթիվ հարցերից, Նիկոլին իշխանությունից հեռացնելու հարցերից։ Այս հարցերը ոչ ոք չի չեղարկել, սիրելի՛ ժողովուրդ, բայց պետք է հասկանանք այսօրվա դրությամբ՝ ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ լծակներ ունենք, և անել այդ ամենը՝ մինչև որ քայլ առ քայլ, փոքր քայլերով, բայց հաստատակամ հասնենք մեր նպատակներին։ Այնպես որ, սա դեռևս սկիզբն է, մենք փոփոխություններ բերել ենք և բերելու ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder