ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐԵՑԻՆ ՍՈՒՄԳԱԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐԻ ՄՈՏ
Հասարակություն
14:08 28/02/2009

ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐԵՑԻՆ ՍՈՒՄԳԱԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐԻ ՄՈՏ

1988 թվականի փետրվարի 26-ից 28-ը Սումգաիթում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանցիների իրականացրած ջարդերից անցել է 21 տարի:

Այսօր առավոտյան ՀՅԴ խմբակցության անդամները, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, հասարակական այլ գործիչներ, վայրագություններն ապրած ու մազապուրծ եղած ականատեսներ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները ծաղկեպսակ դրեցին Սումգաիթյան զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ 21 տարվա ընթացքում, չլինելով պատժված, Ադրբեջանը այն օգտագործել է լի ու լի ու հասել մի պարզ բանի` «միջազգային ատյաններում սուտ ասելը դարձել է ավելի հեշտ, քան ճշմարիտ խոսք տեղ հասցնելը»:

«Ադրբեջանը իրադարձությունները գլխի վայր է շուռ տվել: Այն, ինչ կատարվեց Սումգաիթում, ուղղակի հստակ ցույց տվեց, թե որտեղի՞ց եկավ ոճիրը, ո՞վ սկսեց այս արյունալի ճանապարհի մեջ տեղափոխելու հարցը, և երկրոդը` ինքնորոշման անքակտելի իրվանուքը, որ ուներ և ունի ԼՂՀ ժողովուրդը` ինքնորոշվելու իր սեփական տարածքների վրա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ըստ նրա, մեր խնդիրը չափազանց պարզ է. «Եթե մենք ուզում ենք հակաքարոզչություն անցկացնել, հակակշռել, ապա հենց այս կռվանները պիտի կարողանանք օգտագործել»:

«Եթե այսօր միջազգային հանրությունը իսկապես ձեռնամուխ է եղել հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ քայլեր կատարելուն և միջնորդական ջանքեր է իրկանացնում, պետք է հստակ գիտակցի, որ դրա միակ ճանապարհը ԼՂՀ ժողովրդի, այդ անքակտելի իրվանունքը` ինքնորոշման իրավունքը հարգելն է»,-նշեց պարոն Ռուստամյանը:

Ըստ Սումգայիթի հայերի իրավունքները պաշտպանող նախաձեռնող խմբի ղեկավար, դեպքերի ականատես Ռոման Ղամբարյանի, պետք է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, քանի որ փաստաթղթեր ու ապացույցներ շատ կան և դրանք պետք է ամփոփվի և ներկայացվի Հաագայի դատարան:

«Քսան հազար հայեր կային: Մի շենքում մի ընտանիք, մյուսում` երկու: Ամենից շատ մարդը զոհվել է մեր «3-րդ միկրոյում»: 13 մարդ զոհվեց մեր շրջանից: Երբ սկսեցին բնակարանները մտնել, առաջինը մերը մտան: Ամսի 28-ին` ժամը վեցի կողմերը, ամբոխը հարձակվեց մեր շենքի վրա: Ես, եղբայրս, մայրս, հայրս դուռը պահում էինք, իսկ իրենք կացինով դուռը ջարդում էին, հետո ջարդելուց հետո խլեցինք նրանց ձեռքից կացինները, պայքարեցինք մի քանի ժամ, բայց չհասցրեցինք հայրիկին փրկել, քանի որ նա գլխի շրջանում լոմից լուջ վնասվածք էր ստացել»,-պատմեց Ռոման Ղամբարյանը:

Նա նաև պատմեց, որ հաջորդ օրը նույնպես հարձակվել են իրենց բնակարանի վրա, սակայն այդ ժամանակ իրենք հարևանի տանն են պատսպարվել:

«Ադրբեջանցիները գիտեին, որ տանը հայ է բնակվում, լույսը վառված է, նշանակում է հայ չկա այդ տանը և կարող են մտնել, և հետո ոչ ոքին չէին թողում, որ մահացածներին տեղափոխեն»,-ավելացրեց ականատեսը:

Սումգաիթի հայերի իրավունքները պաշտպանող նախաձեռնող խմբի ղեկավարը նշեց, որ հարցը պետք է բարձրացնել տարբեր միջազգային ատյաններում, քանի որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է խեղաթյուրել փաստերը:
Placeholder
ԾԱՂԿԵՊՍԱԿ ԴՐԵՑԻՆ ՍՈՒՄԳԱԻԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ԽԱՉՔԱՐԻ ՄՈՏ