Ադրբեջանում շարունակվում է լրագրողների ծեծն ու ջարդը
Քաղաքական
16:03 29/07/2010

Ադրբեջանում շարունակվում է լրագրողների ծեծն ու ջարդը

Հուլիսի 28-ին Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի վիլլայի պահակները դաժան ծեծի են ենթարկել «Պոլիգոն» տեղեկատվական-վերլուծական գործակալության եւ «Միլլի յոլ» թերթի խմբագրի տեղակալ Անար Գարալըին ու «Ենի Մուսավաթ» թերթի աշխատակից Էլմին Բադալովին` Բաքվի մոտ, Մարդաքան ավանում գտնվող Ադրբեջանի օլիգարխ-պաշտոնյաներին պատկանող շքեղ առանձնատներն ու պալատները նկարելու համար: Այդ մասին հայտնում է pia.az կայքը:
Լրագրողներին դաժան ծեծի ենթարկելուց հետո Զիա Մամեդովի առանձնատան պահակները ջարդել են նրանց լուսանկարչական ապարատներն ու տեսախցիկները, խլել բջջայինները եւ բաց են թողել վիլլայի սեփականատերի`դեպքի վայր ժամանելուց հետո միայն:
Լրագրողներին սպառնացել են, պահանջել չբողոքել ոչ մի տեղ եւ ասել, որ անօրինական նկարահանումներ կատարելու համար վերջիններիս հեռախոսները 6 ամիս շարունակ գաղտնալսվելու են: «Ենի Մուսավաթ»-ի խմբագրատուն հասնելուց հետո Էլման Բադալովի իքնազգացողությունը վատացել է: Նրան ուշքի է բերել շտապօգնության բժիշկը: Միջադեպի հետաքննության համար թերթի խմբագրությունը դիմել է իրավապահ մարմիններին, երկրի քաղաքական ղեկավարությանը եւ համապատասխան այլ կառույցների:

Placeholder
Ադրբեջանում շարունակվում է լրագրողների ծեծն ու ջարդը