Bonus Malus և Green Card համակարգեր: Նոր խոսք Հայաստանի ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության ոլորտում
2011 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ոլորտի պատասխանատուները նախատեսում են առաջիկա տարիներին ներդնել ևս 2 կարևոր համակարգ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն ԱՊՊԱ ոլորտի աշխատանքները: Խոսքը Green Card և Bonus Malus համակարգերի մասին է:
ՀՀ համար որպես ԱՊՊԱ մոդելային տարբերակ ընտրվել է Green Card համակարգը: Այս համակարգը գործարկված է ԵՄ բոլոր երկրներում (Ռուսաստանը գտնվում է անցումային փուլում) և թույլ է տալիս ավելի արդյունավետ կերպով հասնել ԱՊՊԱ-ի ներդրման հիմնական նպատակին, մասնավորապես՝ սոցիալական պաշտպանվածության ապահովմանը: Green Card համակարգի ներդրման առաջնային աշխատանքներից է տեղեկատական բազայի ստեղծումը: Այն լինելու է համակարգի գործողության համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրող, մշակող և տրամադրող մարմին: Այս հարցում կհամագործակցեն ճանապարհային ոստիկանության հետ: Արդյունքում կհեշտանա նաև ճանապարհային ոստիկանի աշխատանքը:
«Մեր հարևան երկրներից ու նախկին ԽՍՀՄ երկրներից ովքեր փորձել են այս համակարգը ներդնել, լուրջ խնդիրներ են ունեցել կեղծ կտրոնների հետ կապված: Օրինակ Ղազախստանում պոլիսների 40 %-ը եղել է կեղծված և ոստիկանի համար դժվար է եղել որոշել՝ մեքենան ապահովագրվա՞ծ է , թե՞ ոչ: Այդ պատճառով մենք որոշեցինք, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները օնլայն ռեժիմով կարողանալու են ստանալ նախորդ օրվա դրությամբ չապահովագրված բոլոր ավտոմեքենաների ցուցակը»,- նշում է ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության ֆինանսական համակարգի զարգացման բաժի պետ Աննա Վարդիկյանը:
Նրա փոխանցմամբ, այս համակարգը կհեշտացնի նաև ավտոտրանսպորտային միջոցների փոխադրումը երկրից երկիր և կապահովի արտասահմանյան տրանսպորտային միջոցներից տուժածների ապահովագրական պաշտպանվածությունը:
Green Card համակարգի արդյունավետ ներդրումը հիմք կհանդիսանա նաև Bonus Malus համակարգի ներդրմանը: Այս համակարգի միջոցով գնահատվում է վարորդի ռիսկայնությունը և շնորհվում համապատասխան գործակից: Հետագայում էլ ապահովագրավճարը հաշվարկվում է ըստ այդ գործակիցների: Փաստորեն այս համակարգի շնորհիվ այն վարորդները, որոնք նախորդ տարվա ընթացքում ՃՏՊ-ի մեղավոր կողմ չեն հանդիսացել, հնարավորություն են ստանում օգտվել համակարգի չեղչերից կամ բոնուսներից: Իսկ ռիսկային վարորդների նկատմամբ կկիրառվի Մալուս համակարգը պամապատասխան պատժամիջոցներով:
Հիշեցնենք, որ Bonus Malus և Green Card համակարգերը կգործեն 2013 թվականի հունվարի մեկից: