Մայր Աթոռ. Անիի Մայր տաճարում կատարված նամազի արարողությունը` իրավատերերի հետքերը ջնջելու մի փորձ
«Անիի Մայր տաճարում նամազի արարողություն անցկացնելը պայմանավորված չէր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չմասնակցությամբ: Փորձելով միջազգային հանրությանը ժողովրդավական, ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն իրականացող երկիր ներկայանալ, Թուրքիան միաժամանակ փորձում էր իր ներքին օգտագործման համար շրջանառության մեջ դնել իսլամիստական միտումները, որոնք դրսևորվեցին Անիի Մայր տաճարում նամազ իրականացնելու մեջ»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը Բահչելիի ղեկավարած «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անցկացնել Անիի Մայր տաճարում: Ի դեպ, հոգևորականն ասաց, որ Անիի կործանումից հետո՝ 1064 թվականից սկսած 60 տարի Անիի Մայր տաճարը գործել է որպես մզկիթ, բայց վրաց Դավիթ թագավորը, գրավելով Անին, այն վերադարձրել է քրիստոնյաներին, ինչից հետո էլ Մայր տաճարը շուրջ 300 տարի ծառայել է որպես քրիստոնեական եկեղեցի:
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի, Անիի Մայր տաճարում կատարվածը պարզապես նամազի արարողություն չէր, այլ քաղաքական ակցենտներ պարունակող երևույթ. «Արմատական իսլամիստները խույս են տալիս քրիստոնեական եկեղեցիներում արարողություններ մատուցելուց: Քրիստոնայների կողմից դա ևս ընդունված չէ: Սա մեր ժողովրդին ուղղված մի պարզ ուղերձ էր, որ քրիստոնեական պաշտամունքային, մշակութային կոթողները պատկանում են Թուրքիային։ Սա իրավատերերի հետքերը ջնջելու մի փորձ էր: Այսպես է կատարվել ինչպես Ցեղասպանությունից առաջ, այնպես էլ հետո»
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան