Սիլիկոնյան հովտի լեգենդը խոստացավ տուն վերադառնալուն պես պատմել Հայաստանի մասին
Սիլիկոնյան հովտի լեգենդ ու բարերար համարվող, Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ տուն վերադառնալու պես սկսելու է Հայաստանի մասին պատմել ու ՏՏ ոլորտում գործող միջազգային ընկերություններին կոչ է անելու հետևել «Սինոփսիսի» օրինակին ու Հայաստանում ներկայացուցչություն բացել, ընդարձակել գործունեությունը:
«Տուն վերադառնալուն պես այստեղ առկա ինտելկտի, այստեղի ռեսուրսների, այստեղի տեխնոլոգիաների մասին ես լուրը տարածելու եմ»,-ասաց նա:
Այսօր Վոզնյակը չցանկացավ խոսել Apple-ի անունից` չպատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է առաջիկայում կորպորացիան իր պաշտոնական ներկայացուցչությունը ունենա նաև Հայաստանում: Նա խոստովանեց, որ չի սիրում, չի կարողանում ղեկավարել` «Մեկ հոգու չեմ կարող ղեկավարել, ուր մնաց թե 20 հազարի»:
Ասաց` սիրում է աշխատել 2-5 հոգուց բաղկացած խմբերի հետ, որոնք նոր մոտեցումներ, գաղափարներ են առաջարկում, հակառակ գնում միտումներին, իրեն անկախ մարդ է համարում”
Նշենք, որ Վոզնյակը Հայաստան է եկել` տանելու իր` ՀՀ նախագահի 2011 թ. մրցանակը, որին նա արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար: Մրցանակը կհանձնվի այսօր երեկոյան նախագահի նստավայրում: Նա այս մրցանակի արժանացած երկրորդ մարդն է, առաջինը Քրեյգ Բարրեթն է`«Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրենը: Մրցանակը ստեղծվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: Մրցանակը բաղկացած է ոսկե մեդալից, դիպլոմից և հուշախորհրդանիշից:
Ասուլիսում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն ասաց, որ մրցանակը ցույց է տալիս, թե ինչ կարևորություն է տալիս Հայաստանը ՏՏ ոլորտին ու դրա զարգացմանը, իսկ երբ մրցանակը հանձնվում է երկրի ղեկավարի կողմից, դա ապացուցվում է:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, թե մրցանակի համար շեմը շատ բարձր է ընտրված, մրցանակակիր են դառնում մարդիկ, ովքեր դրականորեն փոխել են մեր բոլորի կյանքը: «Կարծում եմ, որ ապագա մրցանակակիրները ևս կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր այդ նշաձողից ցածր չեն լինի»,-ասաց նա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Վոզյակին գանձ համարեց, նշեց, որ նրա այցը կարճ է, բայց ոգևորիչ: «Այցը շատ կարճ է, դա մեզ չի բավարարի, մենք անպայման ուզում ենք նրան նորից տեսնել այստեղ, որովհետև մեր ուսանողներն ու երիտասարդ ինժիներները կարոտ են այսպիսի մարդու հետ շփվել: Մենք միշտ պատրաստ ենք նման նախաձեռնությունների համար ու ուրոխ կլինենք նմ,ան նախաձեռնությունների կողքը կանգնել»,-ասաց նա: