Երևանյան կրկեսի թատերախումբը համերգային շրջագայության կմեկնի ԼՂՀ
Երևանյան կրկեսի թատերախումբը հունիսի 30-ից հուլիսի 6-ը համերգային շրջագայության կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հայրենի կրկեսային արտիստները վառ ներկայացում են նախապատրաստել Արցախի մեր հայրենակիցների համար: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Նարինե Կիրակոսյանը:
Մայրաքաղաք Ստեփանակերտում և Արցախի տարբեր շրջաններում, ԼՂՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նախատեսված է Երևանյան կրկեսի 6 ելույթ՝ կրկեսային բազմաժանր ծրագրով:
«Կրկեսային կոլեկտիվի ներկայացնելիք ծրագիրը մեր հանդիսատեսներին ուրախություն կպարգևի իր էներգետիկայով և կհրավիրի հրապուրիչ ճամփորդության դեպի իլյուզիաների, էքստրեմալ մարմնամարզության, վիրտուոզ ձեռնածության և կլոունադայի հեքիաթային աշխարհ: Մենք առաջին անգամն ենք շրջագայության մեկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Մանրակրկիտ նախապատրաստվել ենք: Ծրագրում ընդգրկել ենք նաև Նաիրա Պետրոսյանի ղեկավարած Լեոնիդ Ենգիբարովի անվան կրկեսային ստուդիայի դեբյուտանտներին: Ի դեպ, համերգային շրջագայության ընթացքում ունենալիք ելույթների ծրագիրը ևս կազմել է Նաիրա Պետրոսյանը»,-նշում է Երևանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:
Այս շրջագայության ընթացքում կրկեսային կոլեկտիվը ելույթներ կունենա նաև ԼՂՀ զորամասերում: Այդ ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ՊՆ նախաձեռնությամբ:
Ամռան ընթացքում, արցախյան շրջագայությունից հետո, կրկեսային արտիստները կշարունակեն Հայաստանի մարզերում արտագնա ներկայացումներով հանդես գալու ծրագիրը:
Հիշեցնենք, որ մինչ այժմ Երևանյան կրկեսը ներկայացումներով հանդես է եկել Լոռու և Տավուշի մարզերում տեղակայված զորամասերում: