Orange-ի տնօրենը վստահ է. Հայաստանում բջջային կապի ոլորտը կդառնա էլ ավելի մրցունակ
«Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միությունը» սեպտեմբերի 4-ին հայտարարել է մրցույթ` կենտրոնացված տվյալների բազայի ավտոմատացված համակարգի ստեղծման ու սպասարկման ծառայություններ մատուցող ընտրելու համար: Համակարգի միջոցով հնարավոր կլինի ապահովել շարժական կապի համարների տեղափոխելիության գործընթացը 2014թ. հունվարից: Այդ առթիվ այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը նշել է.
«Շատ ուրախ ենք տեղեկացնել, որ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության իրականացմանն ուղված աշխատանքները առաջընթաց են ապրում: Վստահ ենք, որ այս համակարգի ներդրման շնորհիվ Հայաստանում բջջային կապի ոլորտը կդառնա էլ ավելի մրցունակ, այն կնպաստի բջջային ծառայությունների որակի բարելավմանը, որից միմիայն կշահի բաժանորդը»:
Ընկերության մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ 2013թ. հուլիսի 30-ին Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները հիմնեցին «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն», որի նպատակն է ստեղծել և շահագործել շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության ծառայությունները Հայաստանում:
Շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգը բաժանորդներին կտա ազատություն` ընտրելու ցանկացած օպերատոր՝ պահպանելով իրենց ներկա հեռախոսահամարը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012թ.-ի դեկտեմբերի 14-ի թիվ 530ա որոշման համաձայն՝ համակարգը կներդրվի 2014թ.-ի հունվարի 1-ին: