Հայրիկյանի դեմ ոչ թե մահափորձ էր, այլ հարձակում. Փաստաբան Սիրունյան
«Մենք գործ ունենք ոչ թե Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի, այլ հարձակման հետ», -Վերաքննիչ դատարանում Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով բողոքի քննությունից առաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք` Սեդրակյանը, որը մեղադրվում էր պետական, քաղաքական գործչի` Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու համար, որն ուղղված էր նրա գործունեությունը դադարեցնելուն, դատապարտվել էր 14 տարի ազատազրկման: Մահափորձի իրականացման մասնակիցներ Խաչատուր Պողոսյանը դատապարտվել էր 12, իսկ Սամվել Հարությունյանը13 տարվա ազատազրկման:
Սիրունյանը հստակեցրեց, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացվածը հարձակում էր և դա դատաքննության ընթացքում իրենց ստացած օբյեկտիվ եզրահանգումն էր:
«Վարդան Սեդրակյանի վզին այսօր փաթաթված է մի խնդիր, որի հետ ինքը առնչություն չունի: Եթե Խաչիկն ասում է` կրակել եմ, Աստված Ձեզ հետ, դատեք Խաչիկին, եթե ուզու եք երկու հոգի դատեք, դատեք երկուսին, ուզում եք հնչեղ գործ սարքեք այն մասին, որ երկու հոգի կրակել են անկախության սիմվոլի վրա, Աստված Ձեզ հետ, մեզ հանգիստ թողեք», -հայտարարեց փաստաբանը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատաքննությունն անցել է, վճիռը կայացել է, բայց մինչ այժմ ոչ մեկ, ըստ փաստաբանի, նույնիսկ ինքը` չի կարողանում հասկանալ` ինչու էր Վարդան Սեդրակյանը գնում այդ քայլին:
«Ընթերցելով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, ստացվում է, որ դատավարության մասնակիցներից մեկի կամ մի քանիսի մոտ մի բան այն չէ մեղսունակության հետ, որովհետև ստացվում է, որ առանց դրդապատճառի, առանց նպատակի, առանց պատշաճ դրդելու, առանց ստիպելու, առանց համոզելու, առանց բացատրելու, առանց կազմակերպչական աշխատանքի, առանց գին պայմանավորվելու և այն վճարելու` դիլխոր չեք մնա ասելով Վարդան Սեդրակյանը հանձնարարել է սպանել ոչ ավել ոչ պակաս Պարույր Հայրիկյանին, հեռու չգնալու համար դա հանձնարարել է իր դիմացի հարևանին, որ բացահայտելը հեշտ լինի: Կատարողներին հանձնարարել է Պարույր Հայրիկյանին հետևել հենց իր` Սեդրակյանի մեքենայով, չհաջողված սպանության իր «հանցակիցներին» չի հեռացրել Հանրապետությունից, առնվազն չի էլ պարտակել, որ իրավապահների աշխատանքը չդժվարացնի», -Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքից մի հատված ընթերցեց փաստաբան Սիրունյանը` նկատելով, որ սրանք այն դիտարկումներն են վերցրված դատավճռից, որոնց վերաբերյալ պաշտպանական կողմը հստակ պատասխաններ չունի:
Փաստաբանը և իր պաշտպանյալը հստակ մտադրություն ունեն` Հայաստանի դատական ատյաններում փուլերն անցնելուց հետո դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նախորդող հրապարակումներ.
«Կենտրոնի դատարանով կյանքը չի վերջանում». «Էպոսագետի» գործով Սիրունյանը կհասնի մինչև Եվրադատարան (տեսանյութ)
«Էպոսագետը» դատապարտվեց 14 տարվա ազատազրկման (Տեսանյութ)
Վարդան Սեդրակյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել