Բացվելու է հայ գրատպության թանգարան
2014 թվականին Հայաստանի ազգային գրադարանում բացվելու է գրատպության թանգարան: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
«Նման թանգարան ունենալու անհրաժեշտություն, իհարկե, ունեինք: Զարգացած բոլորը ազգերը, հատկապես Եվրոպայում, ունեն նման թանգարաններ: Մենք ունենք հին գրատպության հարուստ պատմություն և այդ ամենը պետք է ներկայացնենք: Ցուցադրելու ենք նաև ժամանակակից հրատարակչական մոդելներ: Այժմ հավաքում ենք նյութերը, ձևավորում»,- նշեց նա:
Խոսելով այս տարվա ընթացքում գրադարանի ծավալած գործունեության մասին, Տ. Զարգարյանն ասաց. «Մեր կատարած աշխատանքը կգնահատեմ լավ, արդյունավետ, ծանրաբեռնված: Մենք հասանք որոշակի արդյունքների, բայց շատ աշխատանք ունենք անելու նաև 2014-ին: Գրադարանը կենդանի օրգանիզմ է, միշտ աշխատանք կա անելու»:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում գրադարանի հավաքածուն համալրվել է երեք հնատիպ գրքերով, որոնցից երկուսից Հայաստանում ընդհանրապես չի եղել, իսկ մյուսից մեկ օրինակ եղել է Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանում: Դրանք գնվել են Նյու-Յորքի աճուրդից. «Մեր կարևորագույն խնդիրներից է Հայաստան բերել դարերի ընթացքում ստեղծած մեր ժառանգությունը: Հաջորդ տարի էլ կշարունակենք հնատիպ գրքերով համալրել մեր հավաքածուն, քանի որ դա կարևոր ուղղություն է»:
Ըստ նրա, գրքերը ձեռք են բերում պետական բյուջեից գրադարանին տրված գումարների հաշվին: Ազգային գրադարանի տնօրենի գնահատմամբ, պետությունը մեծ ուշադրություն է դարձնում գրադարաններին:
Տ. Զարգարյանի խոսքով, կարևոր իրադարձություն էր նաև Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի վերաբացումը: Ըստ նրա, ավելացել է նաև ընթերցողների հոսքը. «Ողջունելի է այն փաստը, որ մեր ընթերցողները հիմնականում երիտասարդներն են»: