Ջուղայի հայկական խաչքարերը հայտնվել են 21-րդ դարում վանդալիզմի ենթարկված արվեստի նշանակալից գործերի հնգյակում
Ռուսական «Novate.ru» կայքը Ջուղայի հայկական խաչքարերը ներառել է այն հինգ նշանակալից արվեստի գործերի շարքում, որոնք 21-րդ դարում ենթարկվել են վանդալիզմի:
«Երկար տարիներ հայերը ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի ինքնավար մարզի բնակչության զգալի մասն են կազմել: Սակայն երրորդ հազարամյակի սկզբում այդ մասին վկայում էին միայն հայկական ճարտարապետական կոթողների մնացորդները և բազմաթիվ գերեզմանները, որոնցից ամենամեծը համարվում էր Ջուղա (Ջուլֆա) քաղաքի մոտ գնտվող գերեզմանոցը», - ասվում է կայքում:
Հոդվածում նշվում է, որ մինչև 20-րդ դարի վերջը այդ գերեզմանոցում պահպանվել էր ավելի քան 2000 խաչքար: Դրանք ոչնչացնելու առաջին փորձը արվել է 1998թ.-ին, սակայն կանխվել է միջազգային հանրության կտրուկ արձագանքի պատճառով: Վանդալիզմի մեկ այլ զանգվածային գործողություն տեղի է ունեցել 2002թ.-ին, իսկ վերջնականապես «հայկական հարցը» Ջուլֆայում լուծվել է 2005-ին, երբ Ադրբեջանի զինվորները ամբողջովին ոչնչացրել են գերեզմանոցը և նրա տարածքում հրաձգարան կառուցել:
«Պաշտոնական Ադրբեջանը, չնայած այս բոլոր ճնշող ապացույցներին, հերքում է վանդալիզմի առկայությունը և Նախիջևանի հայկական պատմությունը ընդհանրապես»,-գրում է «Novate.ru»-ն:
Վանդալիզմի ենթարկված 5 նշանակալից արվեստի գործերի շարքին են պատկանում նաև Աֆղանստանի Բամիյան արձանները, Տիմբուկտուի (Մալի) իսլամական հուշարձանները, Կոպենհագենի «Ջրահարսը» և Իսպանիայի «Ecce Homo» որմնանկարը: