Huffington Post. «Հայերը և հրեաները: Իրական դաշնակիցներ և հարազատ հոգիներ»
Ամերիկյան հեղինակավոր Huffington Post պարբերականը «Հայերը և հրեաները: Իրական դաշնակիցներ և հարազատ հոգիներ» վերնագրով հոդված է տպագրել:
Այն ներկայացնում ենք որոշ կրճատումներով. «Հայերը և հրեաները նույն ցավն են կիսում. նրանք երկուսն էլ հնագույն ժողովուրդներ են` երկար և ավանդական պատմությամբ: Նրանք հաճախ են հալածանքների ենթարկվել: Հայերի պարագայում այն գագաթնակետին հասավ 1915 թվականին` Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ հրեաների դեպքում` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` Հոլոքստի ժամանակ:
Հայերի ու հրեաների, հայաստանցիների ու իսրայելցիների միջև նմանությունները փաստերն են վկայում: Երկու ժողովուրդները հայտնի են արվեստի, առևտրի և կրթական բնագավառում ունեցած ձեռքբերումներով: Երուսաղեմում հայկական թաղամասը գոյություն ունի մ.թ. 4-րդ դարից: Հայաստան այցելելիս դուք կհանդիպեք հայերի` Իսրայել Ահարոնյան և Մովսոս Ղափլանյան անուն-ազգանուններով:
Սակայն վերջին շրջանում ադրբեջանական լոբին և Իսրայելի աջ հոդվածագիրները հայերին հակասեմական են հայտարարում, ինչը ծայրահեղ նողկալի է: Արիե Գուտի` Իսրայել-Ադրբեջան միջազգային կազմակերպության անդամի մեկնաբանությունները խեղաթյուրում են ճշմարտությունը, բացահայտ սուտ են և պարզապես Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունների մեջ սեպ խրելու փորձեր են, իսկ հաշվի առնելով Ադրբեջանի կառավարության ժխտողական քաղաքականությունը, որը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հայերի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու կեղծ մեղադրանքներ է հնչեցնում, չպետք է զարմանալ:
Հոդվածի հեղինակ Քրիստոֆեր Ադամյանն անդրադարձ է կատարում նաև Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելլերի` աշխարհով մեկ սփռված հրեաներին վերջերս ուղղված բաց նամակին, որտեղ նա խստորեն դատապարտում է Հայաստանում տիրող հակասեմականության վերաբերյալ շինծու հրապարակումները, որոնք փորձում են ստվեր գցել հայ-հրեական հարաբերությունների վրա:
«Հնագույն երկու ժողովուրդների` հայերի ու հրաների պատմությունը լի է նմանություններով և փոխադարձ կապերով ու նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում անհնար է սևացնել այդ հարաբերությունները…Արդյո՞ք Հայաստանի կառավարության կողմից հրեական միջնադարյան գերեզմանատան վերանորոգումը հակասեմական քաղաքականություն է: Հայերը հրեաներին ու Իսրայելին միշտ հիացմունքով են վերաբերվել…ոչ մեկ չի կարող պատկերացնել հակասեմական կամ հակաիսրայելական ցույցեր Հայաստանում, սակայն երկու տարի առաջ նման ցույցեր եղան Ադրբեջանի տարբեր քաղաքներում»,-գրել է Վարժապետյանը:
Ինչպես Իսրայելը, Հայաստանը շրջափակված է մեծամասամբ թշնամական երկրներով` Թուրքիայով և Ադրբեջանով: Իսրայելը դժվար իրավիճակում է հայտնվել: Նա շանտաժի է ենթարկվում Թուրքիայի կողմից, որպեսզի չճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Սակայն Մավի Մարմարայի դեպքը ցույց տվեց, որ Թուրքիան և Ադրբեջանն անվստահելի դաշնակիցներ են:
Տարածաշրջանի շատ երկրներ ժխտում են Հոլոքոստը, սակայն հունվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց հայերի ու հրեաների նման ճակատագրերը` ասելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ ամենաողբերգական էջերից մեկն է:
«Հունվարի 27-ը խորհրդանշում է Օսվենցիմ ճամբարի ազատագրումը… Հայ ժողովուրդը, որն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, առավել քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին»,-ասվում է նախագահի ուղերձում:
Հոդվածի վերջում հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանը և Իսրայելը, հայերը և հրեաները հարազատ հոգիներ են և դաշնակիցներ:
«Այլ կերպ մտածելու դեպքում աշխարհը գլխիվայր շուռ կգա»,-եզրափակել է Ադամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները