Օբամա. Իրանը պետք է սառեցնի իր միջուկային ծրագիրը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համյաձայնագիր ստորագրելու համար անհրաժեշտ է, որ Թեհրանն այն առջնվազն 10 տարով սառեցնի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաղորդվում է` Օբաման նշել է, որ Իրանի հետ նման համաձայնության հասնելու շանսերը մեծ չեն, սակայն ցանկացած այլընտրանք «շատ ավելի վատ կլինի»:
Նշենք, որ այսօր ԱՄՆ-ի կոնգրեսում ելույթ է ունենալու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով հանդես է գալու Իրանի հետ առաջարկված գործարքի դեմ:
Այս հարցի առնչությամբ Օբաման կարծիք էր հայտնել, որ անցած տարի Իսրայելի վարչապետը սխալվում էր, երբ հակադրվում էր Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնության նախագծին:
«Նեթանյահուն հայտարարում էր, որ Իրանի հետ համաձայնությունը սարսափելի սխալ կլինի, որ նա կստանա 50 մլրդ. դոլար և չի հետևի պայմանավորվածությանը: Ոչ մի նման բան տեղի չունեցավ: Այդ ժամանակահատվածում, ինչպես մենք տեսանք, Թեհրանը չշարունակեց զարգացնել իր միջուկային ծրագիրը: Ընդհակառակը, ինչ-որ տեղ նա սկսել է նույնիսկ հրաժարվել դրանից»,-հայտարարել է Օբաման:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Ռուսաստանը փորձում են համաձայնության գալ Իրանի հետ նրա միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ` Թեհրանի վրա սահմանված տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:
Արևմտյան տերությունները զգուշանում են, որ Իրանը ցանկանում է միջուկային զենք ստեղծել, իսկ վերջինս դա հերքում է:
Հավելենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Ժնևում բանակցություններ է իրականացնում Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ`ձգտելով հասնել շրջանակային համաձայնագրի կնքման մինչև մարտի 31-ը:
Այդ ընթացքում Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը ԱՄՆ-ի կոնգրեսին կոչ է արել հավանության չարժանացնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների ծրագիրը, քանի դեռ ընթանում են բանակցությունները:
«Կոնգրեսը չափազանց մեծ դեր է խաղացել Իրանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում, սակայն հիմա նա չպետք է խառնվի խաղին»,-հայտարարել է Ռայսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց