Իրանի Մեջլիսի պատգամավորը ԱԳՆ-ից պահանջում է Թուրքիայի դեսպանին վտարել երկրից
«Իրանը Թուրքիայից որևէ սպասելիք չունի, մենք այդ երկրի կարիքը չունենք»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Հասան Ասֆարին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի հասցեին արած հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Իրանի արտաքին գործերի նախարարությունից նվազագույնը, ինչ սպասում եմ, այն է, որպեսզի երկրից վտարվի Թուրքիայի դեսպանը: Քանի դեռ Թուրքիայի կառավարությունն Իրանի ժողովրդից ներողություն չի խնդրել, դեսպանի վտարմամբ հնարավոր կլինի կանխել Էրդողանի այցն Իրան»:
«Իրանը Թուրքիայի կարիքը չունի, նրանք ոչինչ չունեն, որպեսզի մեզ օգնեն, ընդհակառակը, դեռ որոշ ոլորտներում մենք ենք արտահանում կատարում Թուրքիա, եթե դա ընդհատենք, ապա Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա»,-հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամը:
Հավելենք, որ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն օրերս Էրդողանի հայտարարությանն ի պատասխան, նշել էր. «Ռեջեփ փաշան, միջամտելով տարածաշրջանի երկրների ներքին գործերին, մասնակից է եղել Սիրիայում ավելի քան 130 հազար անմեղ մարդկանց սպանությանը: Կարծում եմ ներկա պայմաններում Էրդողանը պարզապես չի կարող այցելել Իրան»:
Ավելի վաղ Թուրքիայի դեսպանի բացակայության պատճառով Իրանի արտգործնախարարություն էր հրավիրվել Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բարիշ Սայգանը, որտեղ ԻԻՀ ԱԳ նախարարի՝ Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալը վերջինիս ներկայացրել է իրանական կողմի բողոքը և ափսոսանք է հայտնել Էրդողանի հայտարարության առնչությամբ: Իրանական կողմը պահանջել էր, որպեսզի Թուրքիան Էրդողանի հայտարարությունների առնչությամբ հստակ և համոզիչ պարզաբանումներ տա:
Հիշեցնենք, որ իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ֆրանս 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, այն հարցին, թե տարածաշրջանում (Սիրիա, Իրաք, Եմեն) Իրանի ունեցած դերակատարության մեծացումն արդյո՞ք անհագստացնում է Թուրքիային, Էրդողանը մասնավորապես նշել է. «Կասկած չկա, որ Իրանը ցանկանում է վերահսկել ողջ տարածաշրջանը, իհարկե, դա դրական զարգացում չէ: Մենք Սիրիայի և Իրաքի հարցով խոսել ենք նրանց (իրանցիներ) հետ, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ չենք արձանագրել: Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա Իրանն այդ հարցում անկեղծ չի գործում: Իրանը փորձում է «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել և շիա-սուննի հակադրության ֆոնին գործողություններ կատարել»:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, նշել է. «Այն մարդիկ, որոնք իրենց ռազմավարական սխալների և հավակնոտ քաղաքականության արդյունքում անդառնալի կորուստներ են ունեցել, լավ կլինի պատասխանատու քաղաքականությամբ նպաստեն տարածաշրջանում կայունության հաստատմանը»:
Թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն՝
Թուրք-իրանական «հակամարտության» նոր դրսևորում. Էրդողանի՝ Իրան կատարելիք այցը հնարավոր է չեղյալ հայտարարվի
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր