«Հռոմեական կայսրություն» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվում են նկարահանումներ
Լուսանկարահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում է Շտուտգարտի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ալֆրեդ Զայլանդը` իր օգնական Հեննինգ Կրայտելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ալֆրեդ Զայլանդը զբաղվում է պատմական վայրերի լուսանկարչությամբ և քարտեզագրությամբ: Այցելության նպատակն է «Հռոմեական կայսրություն» ծրագրի շրջանակում իրականացնել նկարահանումներ հարավկովկասյան երկրներում:
Հայաստանում նկարահանումներ կիրականացվեն Հայկաձորում, Նորշենում, Երերույքում, Գառնիում, Դվինում, Արտաշատում, Վաղարշապատում:
Նախատեսվում է լուսանկարների ցուցադրությունը Քյոլնի թանգարանում և պատկերագրքի հրատարակում: