Հայաստանը՝ աստղագիտական գերտերություն և տարածաշրջանային աստղագիտական կենտրոն. Հայկ Հարությունյան
Հայաստանում աստղագիտությունը բավականին զարգացած է, հետաքրքրում է աշխարհին, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվի տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
«Միջազգային աստղագիտական միությունը մի քանի տարի առաջ որոշում էր կայացրել աշխարհում ստեղծել մի քանի տարածաշրջանային կենտրոններ, որոնք պետք է օժանդակեն տվյալ կենտրոնների մեջ ընդգրկված երկրներին, որտեղ այդ գիտությունն այնքան էլ բարձր մակարդակի վրա չի գտնվում, զարգացնել: Միությունը հայտարարեց, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, տեղերից պետք է լինեին առաջարկներ: Այսպիսի մի կենտրոն ստեղծվեց Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Մենք էլ առաջարկեցինք կենտրոններից մեկը ստեղծել Հայաստանում»,- ներկայացրեց Հ. Հարությունյանը:
Նրա խոսքով, լինելով տարածաշրջանային կենտրոն, հայ մասնագետները կարող են կազմակերպել սեմինարներ, դասընթացներ, Միջազգային աստղագիտական միության ֆինանսավորմամբ հրավիրել տարբեր երկրներից գիտնականներ, իրականացնել ծրագրեր:
Հ. Հարությունյանի դիտակմամբ, որևէ երկրի ընտրելով որպես տարածաշրջանային կենտրոն՝ միջազգային գիտական հանրությունն այդկերպ գնահատում է նաև տվյալ երկրի աստղագիտության զարգացման մակարդակը:
«Ընդհանուր առմամբ, միջազգային գիտական կառույցները, մասնագետները հայկական աստղագիտությունը բավականին զարգացած են համարում, աստղագիտության զարգացման մակարդակով գտնվում ենք 34-35-րդ տեղում, այն դեպքում, երբ մենք մեր բնակչության թվաքանակով, տարածքով 130-140-րդ տեղում ենք: Այդ իմաստով Հայաստանը համարվում է աստղագիտական գերտերություն»,- նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրենը:
Ինչ վերաբերում է այն որոշմանը, որ հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը պետք է մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր և բարեփոխել կառավարման համակարգը, Հ. Հարությունյանն ասաց. «Խորհրդային միության փլուզումից հետո գիտությունը, աստղագիտությունը շատ բան կորցրեց: Աստիճանաբար փորձում ենք նախկին մակարդակին հասնել: Հայեցակարգի հիմնական նպատակն է լինելու մեր այսօրվա պայմաններում ինչպես կազմակերպել գիտությունը, որպեսզի արդյունավետ կերպով օգտագործվի ընձեռած հնարավորությունները, մարդկային ռեսուրսները: Իհարկե, մենք չենք կարող հասնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի մակարդակին զուտ ֆինանսական տեսակետից, այդպիսի ներդրումներ չենք կարող անել»:
Չնայած առկա խնդիրներին, Բյուրականի աստղադիտարանի տնօրենն վստահեցրեց, որ հայկական աստղագիտությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհում, ամեն տարի Հայաստանից մոտ 30 մասնագետ գործուղում են տարբեր երկրներ, տարբեր երկրներից իրենց ֆինանսավորմամբ հրավիրում հայ մասնագետների: