Նաիրիտցիները կրկին հավաքվելու են կառավարության մոտ
«Նաիրիտ» գործարանի աշխատողները նախատեսում են հուլիսի 9-ին հավաքվել կառավարության շենքի մոտ՝ պարզելու իրենց աշխատավարձը մարելու հարցը:
«Մեզ ասել էին, որ մինչև հուլիսի 15-ը վճարվելու է տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը: Մինչ օրս որևէ նորություն չկա: Գոնե արդեն պետք է սկսեին աշխատավարձերի բաշխումը: Մենք անհանգստանում ենք՝ հեթական անգամ հիմար վիճակում չհայտնվելու համար: Հուլիսի 9-ին կհավաքվենք կառավարության մոտ՝ հասկանալու, ինչու մինչ այժմ նորություն չկա»,- Panorama.am-ին ասաց նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել էր Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Վարչապետը տեղեկացրել էր, որ ՀՀ նախագահի մոտ կայացած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝ մինչև 2015 թ. հուլիսի 15-ը ֆինանսական միջոցներ հայթայթել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ տարիների ընթացքում կուտակված աշխատավարձի ողջ պարտքը վճարելու համար:
Ա. Հարությունյանն ասաց, որ իրենց պահանջների մեջ կմտնի նաև «Նաիրիտը» վերագործարկելու հարցը: Ըստ նրա, թեև Համաշխարհային բանկի կողմից ներկայացված նախնական հաշվետվության համաձայն «Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, գործարանի հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չէ, բայց հայ մասնագետները լիովին այլ կարծիքի են:
«Մի քանի ծրագրերով մենք ապացուցել ենք, որ ոչ միայն հնարավոր է վերագործարկել «Նաիրիտը», այլ նաև անհրաժեշտ է: Թող բարի լինեն Համաշխարհային բանկի ծրագիրը ներկայացնելուց զատ ներկայացնեն այն ծրագիրը, որը մեր մասնագետների կարծիքն է արտահայտում: Համաշխարհային բանկի մասնագետն ընդամենը երկու օրվա ընթացքում տվել է եզրակացություն «Նաիրիտի» մասին, ինչը ոչ ընդունելի է մեր կողմից: Մենք լուրջ չենք համարում այդ աուդիտը»:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է վերջին չորս տարիների ընթացքում: Նաիրիտցիները դեռևս նախորդ տարվա վերջից պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վճարել իրենց պարտքը: