Գազի գնի էժանացման շուրջ բանակցություններ են վարվում. ՀԺ
2013 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը որոշվում է տվյալ ժամանակահատվածում ՌԴ Օրենբուրգի մարզում գազի գնից կախված: Այսինքն, եթե Օրենբուրգում գազը էժանանա, ապա պետք է էժանանա նաև Հայաստանին մատակարարվող գազի գինը: Իրավիճակի հմայքն այն է, որ Օրենբուրգում գազի գինը հաշվարկվում է ռուբլով, իսկ Հայաստանին վաճառվում է դոլարով: Ու քանի որ 2014-ից սկսած ռուբլին կտրուկ արժեզրկվել է, պետք է նվազի նաև ՀՀ-ին մատակարարվող գազի գինը: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Այսինքն, եթե Օրենբուրգում 1000 խմ գազը 2014թ. արժեր 3200 ռուբլի դա 100 դոլար էր, ապա հիմա Օրենբուրգում գազը կրկին արժե 3200 ռուբլի, որը, սակայն, 50 դոլար է: Ըստ համաձայնագրում առկա բանաձևի, ՀՀ-ին մատակարարվող գազի 1000 խմ-ը ռուբլու արժեզրկումից հետո պետք է արժենար ոչ թե 165 դոլար, ինչպես հիմա է, այլ մոտ 110 դոլար: ՀՀ էներգետիկայի նախարարությունից այս խնդրի հետ կապված հարցին ի պատասխան հայտնեցին հետևյալը. «Հայաստանին մատակարարվող գազի սակագինը այս տարվա համար նվազել է 189-ից 165 դոլարի: Ինչ վերաբերում է հետոյին, այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում»,-հավելել է թերթը: