Բուլղարիան պաշտոնապես հերքել է Էրդողանին տոնական միջոցառումների հրավիրելու լուրերը
Պաշտոնական Սոֆիան հերքել է օտարերկյա պետությունների ղեկավարների մասնակցությունը Օսմանյան կայսրության լծից Բուլղարիայի ազատագրման 138-րդ տարելիցի նվիրված տոնակատարություններին։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Բուլղարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բետինա Ժոտևան, մեկնաբանելով, մասնավորապես, լրատվամիջոցներում շրջանառվող լուրը, թե միջացառումներին իր մասնակցությունն է բերելու Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը։
«Լուրերն այն մասին, թե միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկվել Թուրքիայի նախագահին, կոպիտ մանիպուլյացիա է և իրականությանը չի համապատասխանում», - հայտարարել է ԱԳ ներկայացուցիչը` հավելելով, թե տոնական միջոցառումներին նախատեսված է միայն Սոֆիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների մասնակցությունը։
Նշենք, ավելի վաղ «The Bulgarian Times» պարբերականը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն հրավիրվել էր ազատագրման առթիվ տոնական միջոցառումներին։ Ընդ որում, պարբերականը նշել էր, թե միջոցառումներին չի հրավրիվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, արձագանքելով հրապարակմանը, հաստատել էր փաստն այն մասին, որ նախագահ Պուտինին հրավեր չի ուղարկվել և հեգնանքով բուլղարացիներին հորդորել` «ցանկացած խաղից զերծ մնալ»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից Panorama.am-ին հայտնեցին, որ պետական այդ տոնի առթիվ սովորաբար հրավիրվում է Սոֆիայում դիվանագիտական կորպուսը: Բուլղարիայում ՀՀ դեսպանը ստացել է հրավեր ու մասնակցել այսօրվա այդ միջոցառմանը:
Օսմանյան Թուրքիայի լծից Բուլղարիայի ազատագրումը ազգային տոն է այդ երկրում, որը նշվում է ամեն տարի մարտի 3-ին։ Հատկանշական է, որ Բուլղարիան ազատագրվել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներով։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան