Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիսի 10-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր ավարտվեց: Մինչ այդ, խորհրդարանականները ընդունեցին կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
Մասնավորապես, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ինչպես վստահեցրել էին կառավարության անդամները, կատարելագործվելու են խոշոր գործարքների բացահայտման մեխանիզմները, բարձրացվելու է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության մակարդակը:
Բացի այդ, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց բնապահպանության ոլորտին վերաբերող նախագծերը՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունեցին նաև «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Քվեարկության պատկերը գրեթե նույնն էր, ինչ առաջին ընթերցմամբ քվեարկելու ժամանակ՝ 80 կողմ, 12 դեմ և 7 ձեռնպահ:
2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով, հիշեցնենք, մեկ տարով հետաձգվում է կուտակային պարտադիր սոցիալական վճարի պարտադիր պայմանի ժամկետը:
Խորհրդարանը, գրեթե դատարկ դահլիճով, անցավ Պրոբացիոն ծառայության մասին օրինագծի քննարկմանը և շատ արագ ավարտեց այն: ԱԺ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ չքվեարկված նախագծերի քվեարկությունը կկատարվի մայիսի 16-ին՝ արդեն ԱԺ հերթական քառօրյա նիստում: