«Քվանտ»-ը տոնեց ստեղծման 25-ամյակը
Կրթություն, գիտություն
17:32 20/05/2016
Հայաստան

«Քվանտ»-ը տոնեց ստեղծման 25-ամյակը

«Քվանտ» վարժարանը՝ ՀՀ փորձարարական ոչ պետական առաջին դպրոցն այսօր տոնեց իր ստեղծման 25-ամյակը:

Վարժարանի 25-ամյակին ԵՊՀ-ում կազմակերպած միջոցառումից առաջ «Քվանտ» վարժարանի փոխտնօրեն Լևոն Ասատրյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ վարժարանը հանրապետության առաջին դպրոցն էր, որտեղ 1991 թվականից սկսած ներդրվեց և փորձարկվեց հոսքային ուսուցումն ավագ դպրոցում, որն էլ այսօր դարձավ եռամյա ավագ դպրոցի նախատիպը:

«Վարժարանն իր գործունեությունը սկսել է ավագ դպրոցից, իսկ այսօր այն ունի արդեն միջին և կրտսեր դպրոց: Այժմ վարժարանն ունի նաև միջազգային բակալավրիատի համակարգ, որտեղ աշակերտները սովորում են անգլերենով, պատրաստվում միջազգային ծրագրերին, այնուհետև քննություն հանձնելով կարողանում են ընդունվել արտերկրի ճանաչված բուհեր: Մեր ավագ դպրոցն ունի չորս հոսք՝ ֆիզմաթ, տնտեսագիտական, քիմիա-կենասաբանական և հումանիտար»,-ասաց Լ. Ասատրյանը` հավելեով, որ այժմ դպրոցում սովորում է 600-ից ավելի աշակերտ:

Նշենք նաև, որ դպրոցը 1997 թվականից սկսեց նախնական զինվորական պատրաստության դասերն անցկացնել ճամբարում՝ ռազմական հավաքների տեսքով:

Վարժարանի 9-րդ դասարանում սովորող Միքայել Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ավագ դպրոցում սովորելու համար արդեն ընտրել է վարժարանի տնտեսագիտական ուղղությունը. «Մեր երկրին պետք են լավ տնտեսագետներ, դիվանագետներ և լավ զինվորներ: Ես էլ ուզում եմ վարժարանում ստացած գիտելիքներս հետագայում ծառայեցնեմ երկրին»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վարժարանի 25-ամյակին նվիրված միջոցառմանն իր ողջույնի խոսքում նշեց, որ իր համար շատ հաճելի է ամեն տարի շփվել վարժարանի աշակերտների հետ:

Միջոցառմանը ներկա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով՝  «Քվանտ»-ի տված գիտելիքների բարձր մակարդակի ապացույցը տարիների շարունակ վարժարանի սաների՝ միջազգային օլիմպիադաներում բարձր տեղեր զբաղեցնելն է:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորի հրամանով ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալով պարգևատրվեցին «Քվանտ» վարժարանի աշխատակիցներ Սմբատ Շահինյանը և Սեյրան Սուվարյանը, իսկ վարժարանի ինը աշխատակիցներ էլ պարգևատրվեցին ԵՊՀ պատվոգրերով:

Այնուհետև «Քվանտ» վարժարանի անձնակազմը հուշամեդալների և պատվոգրերի արժանացավ նաև ԿԳ նախարարության կողմից:  Միջոցառմանը ներկա փոխքաղաքապետ Կամո Արեյանը, իր հերթին, «Քվանտ»-ին հանձնեց «Երևանի զինանշան» հուշամեդալը:

ԵՊՀ-ում կազմակերպած միջոցառման հյուրերի թվում էին նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը, Հռոմի «Թոր Վերգատա» համալասրանի պրոֆեսոր Արդրեյ Վառլամովը, Սաուֆհեմփթընի համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:

Placeholder