Ինչպիսի հրաշալի օրենքներ էլ լինեն, հնարավորություն կա այն շրջանցելու. Վահրամ Բաղդասարյան
Քաղաքական
15:36 20/05/2016

Ինչպիսի հրաշալի օրենքներ էլ լինեն, հնարավորություն կա այն շրջանցելու. Վահրամ Բաղդասարյան

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գործարարությունը պետք է տարանջատվի պատգամավորական գործունեությունից: Եթե կան պատգամավորներ, որոնք համատեղում են իրենց աշխատանքները, պետք է հետևություն անեն», -այսօր խորհրդարանական ավանդաան ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով կոռուպցիայի և մենաշնորհի դեմ կառավարության ձեռնարկած պայքարին, պատգամավորն ասաց, որ մինչ այժմ հնչած հայտարարությունների հիման վրա կարելի է ասել, որ հանրությունը դրա արդյունքը կզգա ժամանակի ընթացքում:

«Որևէ տեղ, որևէ երկրում միանգամից ռեֆորմիստական փոփոխություները արդյունք չեն ունենում: Դա չափազանց ռիսկային է: Դա պետք է լինի աստիճանական», -նկատեց իշխանական մեծամասնության ներկայացուցիչը:

Լրագրողը հետաքրքրվեց, թե Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրությունը մինչ այժմ թույլ է տվել հավասար պայմաններում գործունեություն ծավալել, ինչո՞ւ է վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիմա հայտարարում, թե պետք է հավասար պայմաններում աշխատել:

«Օրենքը միշտ եղել է և հավասար պետք է լինի բոլորի համար, եթե եղել են դեպքեր, երբ օրենքը շրջանցվել է, ապա այսուհետ եթե չբավարարի, խիստ պայմաններ կդնենք: Ինչքան էլ տարբեր կառավարություններ պայքար տարել են, միևնույնն է, հայկական միտքը ճկուն է և ինչպիսի հրաշալի օրենքներ էլ լինեն, հնարավորություն կա այն շրջանցելու:  Ինձ թվում է դա ոչ թե օրենքների վատ կամ լավ լինելն է, այլ հարկավոր է կամքի ուժ, որպեսզի կարողանանք մենք բոլորս օրենքի գերակայությունը պահպանենք», -հայտարարեց Բաղդասարյանը:

Placeholder