Մ. Թանդիլյան. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններով սաստեցին բողոքի ալիքը
Հասարակություն
16:04 20/05/2016
Հայաստան

Մ. Թանդիլյան. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններով սաստեցին բողոքի ալիքը

Կուտակային պարտադիր սոցիալական վճարի պարտադիր պայմանի ժամկետը մեկ տարով հետաձգելը «Դեմ եմ» շարժման անդամ Մանե Թանդիլյանը բացատրում է հանգամանքով, որ առաջիկա տարում համապետական ընտրություններ են անցկացվելու:

«Տրամաբանական է, որ դժգոհ և բողոքող հատվածի՝ փողոցում հայտնվելն անցանկալի է իշխող կուսակցության համար, որը և նախաձեռնել է հետաձգումն ապահովող օրենսդրական փոփոխությունները: Դա նպատակ ուներ սաստելու բողոքի հնարավոր ալիքը»,-ասաց Մ. Թանդիլյանը «Մեդիա կենտրոնում» «Կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրները» թեմայով ասուլիսի ժամանակ:

Բանախոսը համարում է, որ նման ռիսկային համակարգում պետք է գործի միայն կամավորության սկզբունքը:

«Մենք ստորագրահավաք էին կազմակերպել, որը թափ էր հավաքում:  Մարդն իր միջոցները կարող է նման ռիսկայնություն ունեցող համակարգում ներդրում անել բացառապես կամավորության սկզբունքով»,-ասաց Թանդիլյանը, հույս հայտնելով, որ օրենքից կհանվի պարտադիր պայմանը:

«Դեմ եմ» շարժման անդամ, հաշվապահ Շողեր Բաբայանն էլ մտահոգություն հայտնեց, որ հարցն այդպես էլ չդիտարկվեց այն տեսանկյունից, թե ինչ է ուզում քաղաքացին ռեֆորմ կոչվածից:

Անդրադառնալով պաշտոնյաների այն հիմնավորումներին, թե մի քանի տարի անց տարեցներն ավելի շատ են լինելու, քան երիտասարդները, ու պետությունը հնարավորություն չի ունենա նրանց կենսաթոշակ վճարել, Շ. Բաբայանը մի քանի հարցեր է հնչեցնում.

«Ինչո՞ւ պետք է մենք նման կանխատեսում ունենաք: Ես ինչո՞ւ չեմ կարող իմ կենսաթոշակի համար ներդրում անելու փոխարեն ներդրում կատարել իմ երեխայի համար, որպեսզի նա ծնվի, մեծանա, զարգանա,  որ հետո երիտասարդների պակաս չլինի: Ես այս վերլուծությունն անում եմ որպես քաղաքացի: Այդ երեխան հետո կդառնա պոտենցիալ հարկատու, ով կապահովի իմ կենսաթոշակը»:

Շ. Բաբայանն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմից հետո էլ ավելի կարևոր է ծնելիության խթանման ուղղված ծրագրերի իրականացումը:

«Մեր զինվորը կռվում է 1/10 հարաբերակցությամբ: Ինչո՞ւ պետք է այդպես լինի: Ինչո՞ւ պետք է հարցն այնքան մնա բարձիթողի վիճակում, որ գա մի պահ, երբ հասկանաս ծերերն ավելի շատ են, քան երիտասարդները»,-շարունակեց հարցեր հնչեցնել ասուլիսի բանախոսը:

Հիշեցնենք,  որ  ԱԺ արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով, հիշեցնենք, մեկ տարով հետաձգվում է:

Placeholder
Մ. Թանդիլյան. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններով սաստեցին բողոքի ալիքը