Տիգրան Ջրբաշյան. Դժվար թե անտեսեն ՀՆԱ-ի 1/3-ն ապահովող կառույցների մտահոգությունները
Տնտեսություն
13:13 23/06/2016

Տիգրան Ջրբաշյան. Դժվար թե անտեսեն ՀՆԱ-ի 1/3-ն ապահովող կառույցների մտահոգությունները

Հարկային նոր օրենսգիրքն արագ առաջին ընթարցմամբ ընդունելով կառավարությունը տնտեսվարողների հետ հնարավոր բանակցություններում դիրքավորվելու խնդիր է լուծել: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ, «Ամերիա» բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

«Հիմա ակտիվ պրոցես է ընթանում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից: Մի շարք փորձագետներ, բիզնես ասոցիացիաներ մասնակցում են դրանց, նախագիծը հոդված-առ հոդված ընթերցվում ու վերանայվում է»,-ասաց նա:

Հիշեցնենք,  որ ավելի վաղ հարկային նոր օրենքգրքի վերաբերյալ մտահոգություններ էին հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Հայաստանի բանկերի միության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության,  Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի, Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները:

Ջրբաշյանն այսօր հայտնեց, որ  նրանց մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում մոտավոր հաշվարկներով կազմում է 30- 34 տոկոս:

«Փաստորեն Հայաստանի տնտեսության 1/3-ը հստակ հայտնել է իր դիրքորոշումն այս փասթաղթի վերաբերյալ: Սրանք բոլորը, բացառությամբ ռուսական ընկերությունների, օտարերկրյա ներդրումներով գործող կառույցներն են՝ ամերիկյան, եվրոպական: Անտեսել այդ կառույցների մտահոգությունները, դժվար հնարավոր լինի: Առաջին անգամ համատեղ հայտարարությամբ հանդես են գալիս բանկերը, ՏՏ ընկերությունները, հանքահումքային ընկերությունները, շինարարության ոլորտում գործող ընկերությունները և այլն»,-ասաց նա:

Տնտեսագետը մտահոգիչ է համարում այն փաստը, որ քննարկման նոր փուլ է մեկնարկկում, ենթադրում է, որ հոդված առ հոդված  քնննարկման արդյունքում կարող է կարել կոնցեպտուալ հարցերի համաձայնությունը:

«Ես առաջին նիստի ժամանակ հարց բարձրացրեցի, որնախ և առաջ պետք է կոնցեպտուալ հարցերը քննարկել, քանի որ դրանք փաթեթային լուծում են պահանջում: Համաձայնություն չեղավ, և դա մտահոգիչ է»,-ասաց բանախոսը:

Ջրբաշյանն ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում պետությունը տնտեսության հարաբերություններում հանդես չի գալիս որպես տնտեսվարող սուբյեկտ, այլ խաղի կանոնները սահմանող, որն ազդում է տնտեսվարողների վարքագծի վրա՝ արտադրողների, արտահանողների, ներկրողների:

«Պետությունը դա անելու համար ունի երկու գործիքակազմ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններ: Առաջինի մասով, կարող եմ ասել, օրենքով սահմանված նպատակները Կենտրոնական բանկը, կարծես թե, ապահովում է: Իհարկե այնտեղ էլ կան խնդիրներ: Իսկ հարկաբյուջետային ոլորտում կան երեք հիմնական ուղղություններ՝ հարկային, մաքսային , բյուջետային ծախսերի համակարգը»,-ասաց նա:

Ջրբաշյանը հիշեցրեց, որ մաքսային համակարգը տրված է անդրազգային մարմնին, պարզ է դառնում, որ տարբեր խաղացողների վարքագծի վրա ազդելու գործիքակազմերից իշխանության ձեռքին մնացել է հարկային քաղաքականությունը:

«Դա միակ զենքն է պետության ձեռքում: Այդ լուրջ զենքի գործածման պարագայում պետք է ունենաս շատ լուրջ էկոնոմետրիկ մոդելավորման տեխնիկաներ ունենաս՝ գնահատելու հնարավոր ազդեցությունները»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով, այս պարագայում ցավոք սրտի նման գնահատում չկա:

«Ազգային Ժողովին կից գործող տնտեսագիտական և իրավաբանական վարչությունները առաջին անգամ տվել են շատ կոշտ գնահատական նոր օրենսգրքի վերաբերյալ և իրենց զեկույցում նշում են, որ օրենսգրքի ազդեցության ռիսկերը գնահատված չեն»,-նշեց Ջրբաշյանը:

Placeholder
Տիգրան Ջրբաշյան. Դժվար թե անտեսեն ՀՆԱ-ի 1/3-ն ապահովող կառույցների մտահոգությունները