Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիկ» ավիաբազա
Քաղաքական
11:55 23/06/2016

Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիկ» ավիաբազա

Պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներից ու պաշտպանության փոխնախարարից կազմված պատվիրակության մուտքը «Ինջիրլիկ» ավիաբազա:  Գեներալ-լեյտենանտ Դիտեր Վարնեկն ասել է, որ Թուրքիան իր այդ քայլը պայմանավորել է Բունդեսթագի կողմից Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության  ճանաչման բանաձևի ընդունմամբ:

Այս մասին գրում է  «Ռիա Նովոստի»   գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին:

Գերմանիայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել է, որ թուրքական կողմը չի հաստատել այցի օրակարագը:

«Թուրքիայի ԱԳՆ-ն այդ մասին հայտնել է գերմանական դեսպանատանը»,-ասել է նա, ավելացնելով, որ թուրքական կառավարությունից դեռ գրավոր բացատրություն չեն ստացել:

Նախապես որոշված է եղել, որ հուլիսի կեսերին գերմանական պատվիրակությունը ճանաչողական այց կկատարի՝ ծանոթանալու այնտեղ ծառայություն իրականացնող ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարին մասնակցող գերմանացի զինծառայողների վիճակին: «Ինջիրլիկ» ավիաբազա այցը ևս ընդգրկված էր օրակարագում:

Լրատվամիջոցն այդ արգելքը որակում է  որպես գերմանական կողմին «դիվանագիտական երկրորդ ապտակը», մինչ այդ Անկարան թույլ չէր տվել լրագրողների մուտքը ավիաբազա: Այստեղից գերմանական հետախուզական օդանավերը թռիչքներ են իրականացնում Սիրիայում:

 

Placeholder
Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել «Ինջիրլիկ» ավիաբազա