Գյումրիում կայանալու է Սարիկ Անդրեասյանի ‪«‎Երկրաշարժ‬» ֆիլմի  հայալեզու տարբերակի փակ դիտումը
Հասարակություն
19:36 09/07/2016
Հայաստան

Գյումրիում կայանալու է Սարիկ Անդրեասյանի ‪«‎Երկրաշարժ‬» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ դիտումը

Գյումրիում հուլիսի 25-ին կայանալու է ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ‪«‎Երկրաշարժ‬» ֆիլմի  հայալեզու տարբերակի փակ դիտումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսորը:

«Մեր ֆիլմը նկարահանված է 2 լեզվով: Ֆիլմի հայալեզու տարբերակի փակ ցուցադրությունը կայանալու է հուլիսի  25-ին` Գյումրիում: Մեզ համար շատ կարևոր է այս հիասքանչ ու մեծ քաղաքի բնակիչների օրհնությունը: Քաղաք, որտեղ ինձ բախտ է վիճակվել նկարահանել այս ֆիլմը»,-գրել է  ռեժիսորը:

Ֆիլմը կինոթատրոններում ներկայացվելու է դեկտեմբերից:

«Սպասում եմ դեկտեմբերի 1-ին, երբ «Երկրաշարժ» ֆիլմը դուրս կգա վարձույթ:  Ինձ համար կարևոր է, որ հնարավորինս շատ մարդիկ տեսնեն ֆիլմը, որի վրա այդքան ջանքեր ենք գործադրել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մարս մեդիա» կինոընկերության նախագահ, ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանը:

Նշենք, որ դերերում հանդես են եկել՝ Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Արտյոմ Բիստրով, Սաբինա Ահմեդովա, Հրանտ Թոխատյան, Իրինա Բեզրուկովա, Միքայել Ջանիբեկյան, Դանիել Իզոտով, Վիկտոր Ստեփանյան, Տաթև Հովակիմյան, Միքայել Պողոսյան, Սոս Ջանիբեկյան և ուրիշներ: 

Ֆիլմը պատմելու է 1988 թ. դեկտեմբերի 7-ին  Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասի: Կինոնկարի գործողությունները ծավալվում են Լենինականում: Գլխավոր հերոսները` 28-ամյա հայ Ռոբերտ Մելքոնյանն ու  50-ամյա ռուս Անդրեյ Բերեժնոյն են:  

1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյանին  ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:

1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի նման ավերիչ ուժի երկրաշարժեր երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան լինում են 15-20 հատ: 

Լուսանկարները՝ kino-teatr.ru կայքից: 

 

Placeholder