Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով. Գարեգին Մելքոնյան
Քաղաքական
14:30 26/07/2016
Հայաստան

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով. Գարեգին Մելքոնյան

Հայաստան-Եվրամիություն համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքերով՝ այս տարվա ընթացքում մի քանի անգամ ունեցել են բանակցային շրջափուլեր փոխադարձ այցելությունների և տեսախորհրդակցությունների միջոցով:

«Ամսական մի քանի անգամ տեսախորհրդակցությունների միջոցով ոլորտային բանակցություններ ենք անցկացնում, հատկապես՝ առևտրի և ներդրումների մասով: Մինչև տարեվերջ նախատեսվում է  ևս  երկու բանակցային փուլ»,-ասաց փոխնախարարը:

Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ներկայումս չկա որևէ սուր հարց, որը խնդրահարույց  լինի բանակցային գործընթացի տեսանկյունից: Ըստ նրա՝ առևտրի ու ներդրումների բաժնին վերաբերող ոչ բոլոր տեքստերն են տրամադրվել հայկական կողմին:

«Կան որոշակի հատվածներ, որոնք դեռևս ԵՄ-ից չենք ստացել, իսկ յուրաքանչյուր մաս, որ ստացվում է, դրվում է ներքին շրջանառության մեջ, քննարկվում է, ձևավորվում է բանակցային դիրքորոշում, որից հետո միայն հնարավոր է լինում անցնել ԵՄ գործընկերների հետ բանակցություններին»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ որոշակի հատվածներում կան համաձայնություններ, կան հատվածներ էլ, որոնց վերաբերյալ աշխատանքային քննարկումները դեռ շարունակվում են:

Ինչ վերաբերում է բանակցությունների ժամկետների ավարտվին, Գարեգին Մելքոնյանն ասաց, որ ինքը երբեք ժամկետներ չի նշում:

Հարցին, թե Հայաստանն արդեն ունի բանակցությունների փորձ ԵՄ-ի հետ, արդյոք դա չի դյուրացնում ներկայումս կատարվող աշխատանքները, փոխնախարարն ասաց, որ, բնականաբար, որոշակի դյուրություն առկա է, քանի որ արդեն բանակցային գործընթաց ունեցել են , ԵՄ-ի հետ ճանապարհ են անցել, բայց այս բանակցային գործընթացն ունի իր յուրահատկությունը:

«Մենք հիմա շատ հարցերում յուրաքանչյուր քննարկվող նորմ ու պայմանավորվածություն համադրում ենք նաև ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ: Դա տեխնիկական ու մասնագիտական առումով աշխատանքներն առավել խորքային ու ծավալուն է դարձնում, որը շատ դեպքերում  նաև ժամանակ է պահանջում»:

Placeholder