«Վիտալի Բալասանյանը շատ լավ խողովակ էր, կարողացել էր վստահություն ստեղծել կողմերի միջև»
Քաղաքական
15:51 26/07/2016
Հայաստան

«Վիտալի Բալասանյանը շատ լավ խողովակ էր, կարողացել էր վստահություն ստեղծել կողմերի միջև»

«Պրոֆեսիոնալ բանակցությունների ժամանակ բովանդակությունը դրվում է մի կողմ, զուտ պրոցեսին են  նայում՝ արդյո՞ք պրոցեսը գնում է այնպես, որը կբերի հանգուցալուծման»,-լրագրողների հետ հանդիպմանը իր՝ որպես բանակցային գործի մասնագետի  կարծիքը հայտնեց  Աշոտ Խուրշուդյանը՝ անդրադառնալով ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակում ընթացող բանակցություններին:

Նրա խոսքով, ամենաառաջին բանը, որ բանակցությունների տեսանկյունից արվի, խնդիրները հասկանալն է:

«Օրինակ՝  կար պատանդի խնդիր, հիմա չկա, այս պահին կա զինյալ ապստամբների խնդիր, ցուցարարների պահանջ և այլն: Կախված խնդիրներից լինում են տարբեր կողմեր»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ ճգնաժամային բանակցությունները մի յուրահատկություն ունեն. «Ոչ թե բոլոր խնդիրները պետք է լուծվեն, այլ կողմնակի խնդիրները միանգամից ջնջվում են, տակը մնում են ամենակարևորները: Պետք է այս պահին կարողնանալ զտել, թե որ խնդիրն է  ստեղծում ճգնաժամային իրավիճակը, և պետք է բանակցեն այդ խնդրի կողմ հանդիսացողները»:

Նա սխալ է համարում տարածված կարծիքը, որ այս պահին բանակցող կողմերն են զինված տղաներն ու իշխանությունները. «Այդպես չէ, նույն տղաների մեջ ևս բանակցություններ են ընթանում, ներքին, ոստիկանությունում էլ առանձին բանակցություններ են: Պետք է հասկանալ կողմերից յուրաքնչյուրն ի՞նչ է ուզում, ի՞նչ շահ ունի»:

Աշոտ Խուրշուդյանն ընդգծեց, որ այս պահին ահավոր հուզական վիճակ է, դրան էլ գումարվել է վստահության կրիզիսը, ինչը հանգեցրել է մեծ՝   հաղորդակցության իրականացման խնդրին:

«Միջնորդը բանակցող կողմ չի, դժվար առաքելություն է, մի կողմը եթե տեսնում է միջնորդն իր շահը առաջ չի տանում, հայտարարում է, որ նա մյուս կողմից է, երևի Ղարաբաղի բանակցություններում նկատել եք այդ մեղադրանքները: Միջնորդն էլ պետք է լինի պրոֆեսիոնալ, ես կգնահատեմ, որ Վիտալի Բալասանյանը շատ լավ խողովակ էր, կարողացել էր վստահություն ստեղծել կողմերի միջև, բանակցելու փորձ ուներ, միգուցե շատերը չգիտեն, բայց նա շատ է բանակցել գերիների փոխանակման հարցերով»:

Բանախոսի խոսքով՝ Բալասանյանը ստեղծված իրավիճակում թիմ չուներ, ամեն ինչ իր ուսերին էր կրում, ինչի հետևանքով բոլոր կողմերի մեղավորության պատճառով միջնորդությունը տապալվեց:

«Այսօր նորից կոտրած տաշտակի առաջ են, նոր միջնորդ են փնտրում, գիտեք, որ արդեն առաջարկվել է թեկնածու, տեսնենք ինչ կլինի, նա պտք է կարողանա հաղորդակցությունը բացել»,-ասաց նա:

Placeholder