Սեփականաշնորհվել է շենքի ջրի պոմպակայանը.  Անահիտ Բախշյան
Հասարակություն
15:25 26/07/2016
Հայաստան

Սեփականաշնորհվել է շենքի ջրի պոմպակայանը. Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Նամակ եմ ստացել Երևանի  Ազատամարտիկների 76 շենքի բնակիչներից այն մասին, որ շուրջ երեք  տարի  առաջ  Ձեր`  03.09.2013 թ. հ. 4386-Ա որոշմամբ,   Վահան Բեգոյանին  սեփականության իրավունքով   տրված տարածքում է գտնվում  շենքին կից   ջրապոմպերի, ջրի մագիստրալային խողովակների փականների համար նախատեսված ստորգետնյա շինությունը, որը  6 շենքերի է սպասարկում: Ըստ «Երևան Ջուր»  ՓԲԸ-ի տվյալների, պոմպակայաններից մեկում վերջերս  տեղադրվել են իտալական արտադրության երկու  ավտոմատ կարգավորող  նորագույն թանկարժեք պոմպեր, որոնք սպասարկում են հ. 76, 11, 12, 14, 16 և 18 շենքերի ջրամատակարարումը:

Ձեր կողմից 23.09.2015թ. տրված հ. 01/18-Բ-5237-795  շինթույլտվությամբ  իրավունք եք տվել Վահան Բեգոյանին Ազատամարտիկների 76/4  հասցեում 2.3*2.3 քառակուսի մետր տարածքում, համարյա մայթի վրա, հողի երեսին իրականացնել նոր պոմպակայանի շինարարություն, որտեղ, բնակիչների  մտահոգությամբ, պոմպերը ձմռանը ցրտից չեն պաշտպանվելու (կարծում եմ  տեղին է  նրանց մտահոգությունը): Հիշեցնեմ, որ գործող պոմպակայանը  գետնի մեջ է կառուցված  և  այնտեղ երկու թանկարժեք, իտալական   ավտոմատ կարգավորող  նորագույն թանկարժեք պոմպեր են մոնտաժված, որոնց ապամոնտաժման  թույլտվություն ունի՞ արդյոք նոր պամպակայանի կառուցապատողը:

Բնակիչները տարիներ շարունակ բողոքում են, որ  6 շենքերի սպասարկող ջրապոմպերի, ջրի մագիստրալային խողովակների փականների համար նախատեսված շինության  տարածքի սեփականաշնորհումն անօրինական է, որովհետև այդ պոմպակայանը  պատկանում է բազմաբնակարան շենքերին և դա իրենց սեփականությունն է ու առանց իրենց համաձայնության  իրավունք չունեիք  այն սեփականաշնորհել մեկ ուրիշի:

Ձեր`    N 4386-Ա, 03.09.2013թ. որոշման մեջ   նշված է, որ «Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի  2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին և  ընդգրկված չէ նույն օրենսգրքի  60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է տարածագնահատման 6-րդ գոտում»։ Այնինչ, 64-րդ հոդվածի  2-րդ կետի 1) ենթակետն ասում է. «Համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար», այսինքն՝ նախատեսված է գործառնական նշանակությամբ՝ պոմպակայան օգտագործելու համար:  Փաստորեն, Ձեր որոշման  հիմնավորման մեջ  օրենքի  խեղաթյուրում  կա: Հիմնավորումը գրողը օրենքը  կամայականորեն  է մեկնաբանել: 

Խնդրում եմ  տրամադրել   այս մասին «Երևան Ջուր»  ՓԲԸ-ի եզրակացությունը, որի մասին 19.02.2016թ. 18-08/2-5377  թվակիր նամակով  Համատիրությունների նախագահների ասոցիացիայի  նախագահ պարոն Գրիգորյանին  էր հայտնել պարոն Քասարյանը:

Բնակիչների անունից խնդրում եմ վերանայել տարածքի  սեփականաշնորհման մասին որոշումը, որի վրա, ըստ  պարոն Քասարյանի ստորագրությամբ 19.02.2016թ. 18-08/2-5377  թվակիր նամակի, տարածքի կառուցապատման վերաբերյալ հայտ չի ներկայացվել, իսկ դրա առկայության դեպքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման հարցի քննարկման ժամանակ, ինչպես խոստացել է պարոն Քասարյանը, հաշվի կառնվի բնակիչների դիրքորոշումը:

Հուսով եմ, որ պոմպակայանի տեղափոխման և նրա վրա  կառուցապատում  իրականացնելու մտադրության  վերաբերյալ  բնակիչների  բարձրացրած հարցերը  պատշաճ  լուծում կստանան, նամանավանդ` նրանք 21.07.2016թ. ժամը 14:20-ին  դիմել են նաև Թեժ գիծ, որին անմիջապես արձագանքել է   քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանն ու նույն օրը տեղում ուսումնասիրել  է  բնակիչների ահազանգը:

Խնդրում եմ նաև տրամադրել  պարոն Սիմոնյանի  գրավոր արձագանքը՝  Թեժ գծի  զանգի հետքով  տեղում հարցի ուսումնասիրության   մասին»:

Placeholder