Եթե դիալոգ չլինի, այս շարժումը վերածվելու է քաոսի. Հոգեբան
Քաղաքական
14:06 26/07/2016
Հայաստան

Եթե դիալոգ չլինի, այս շարժումը վերածվելու է քաոսի. Հոգեբան

«Այսօրվա իրավիճակը սկսեց ակտիվանալ ապրիլյան պատերազմի շրջանում: Այս բողոքը կուտակված էր ժողովրդի մեջ, ինչ-որ կերպ պետք է արտահայտվեր: Իհարկե, այս ձևը, որով արտահայտվեց, ընդունելի չէ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝  խոսելով վերջին օրերին զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Ըստ նրա, «Սասնա ծռեր» խմբի անդամներն այս քայլին գնալուց առաջ  հասկացել են, որ կարող է ստեղծվել նման իրավիճակ. «Անձնազոհ քայլ է տղաների կողմից: Նման անձնազոհություն լինում է, երբ այլ ճանապարհ չի լինում, խնդիրների լուծման այլ ճանապարհ չեն տեսնում»: 

Հոգեբանը համոզված է, որ խնդրի բռնի լուծումը ոչ մեկին ձեռնտու չէ, անհրաժեշտ է հասնել խնդրի քաղաքակիրթ լուծմանը: Այս գործում, ըստ Մ. Մադաթյանի, պետք է աշխատանք կատարեն միջնորդները:

«Կան մասնագետներ, ովքեր հենց պրոֆեսիոնալ միջնորդներ են, կոնֆլիկտների լուծման մասնագետներ են, բայց այս ընթացքում ոչ մեկին չտեսա»,- նշեց նա:

Հոգենանի  խոսքով, ոչ  ներսում գտնվողները լիդեր ունեն, ոչ էլ ի պաշտպանության նրանց դրսում հավաքված քաղաքացիները, ոչ էլ կա մեկը, ով զինված խմբի և իշխանությունների միջև միջնորդ լինի: Նա ասաց, որ սրանից իրավիճակը լարվում է:

«Ստրուկտուրան, որը չունի լիդեր, դատապարտված է քայքայման: Եթե շուտափույթ լիդերներ չձևավորվեն, դիալոգ չլինի, այս շարժումը վերածվելու է քաոսի»,- նշեց նա:

Հոգեբանի խոսքով, բողոքող քաղաքացիները ոստիկանների մեջ տեսնում են իշխանության դեմքը,  ոստիկանության նկատմամբ տրամադրվում են թշնամական. «Իրականում այդ ոստիկանները նույն մեզ նման հայեր են, ի պաշտոնե իրենց պարտականությունն են կատարում: Որքան էլ ոստիկան ծեծենք, հայհոյենք, իշխանությունը դրանից չի փոխվի»:

Խոսելով «Սասնա ծռեր» խմբի անդամների հոգեբանական վիճակի մասին, Մ. Մադաթյանն ասաց, որ նման իրավիճակում գտնվող ոչ ոք չի կարող գտնվել հավասարակշիռ վիճակում:

«Իրավիճակն է ստիպում, որ մենք ունենանք որոշակի էմոցիոնալ վիճակ: Հավասարակշիռ, սթափ վիճակում գտվող խմբի անդամ, ոստիկան, չի  կարող լինել այս վիճակում: Այդյո՞ք սթափ մարդը կարող է այրել ոստիկանական մեքենաներ: Այդպես արտահայտում է իրենց բողոքը, սակայն  տեսան, որ դա գործոն չէ, որն իրենց խնդրին կտա լուծում: Սթափ մարդը չի շարունակի դա անել»,- ասաց հոգեբանը:

Ասուլիսին ներկա գեղանկարիչ Փարավոն Միրզոյանն ասաց, որ, իհարկե, երկրում կան շատ չլուծված հարցեր, սակայն չի նշանակում, որ մեկը մյուսին սպանելով պետք է լուծել խնդիրները:

«Ժողովուրդն այսօր հոգեբանական վատ վիճակում է գտնում: Մենք բոլորս թերացել ենք, որ այսօրվա վիճակում ենք գտնում: Հայ ժողովրդին վայել չէ անկախության 25-ամյակին նման իրավիճակ ստեղծել»,- ասաց արվեստագետը:

Placeholder