Սևծովյան ավազանի երկրների միջև համագործակցության ծրագրից Ադրբեջանը դուրս է մնացել
Քաղաքական
12:57 26/07/2016
Հայաստան

Սևծովյան ավազանի երկրների միջև համագործակցության ծրագրից Ադրբեջանը դուրս է մնացել

Այսօր Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության 2014-2020 թթ. ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովը:

Ինչպես աշխատաժողողվի բացմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ծրագրով նախատեսվում է, որ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ռեգիոնալ համագործակցություն կծավալեն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է  54 միլիոն եվրո, և այն ամբողջապես ֆինանսավորվում է  Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի կողմից: Շահառու կարող են հանդիսանալ մասնակից բոլոր երկրները: Ըստ Գարեգին Մելքոնյանի՝ համատեղ ծրագրերը պետք է լինեն 300 հազարից մինչև 1,5 մլն եվրոյի շրջանակներում: 

Ինչպես և նախորդ փուլում, այս փուլում ևս Ծրագրի հավանական շահառուներ կարող են հանդիսանալ ՀՀ պետական կառավարման մարմինները, մարզպետարանները և քաղաքապետարանները, հասարակական կազմակերպությունները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները, զբոսաշրջության և տարածաշրջանային զարգացման գործակալությունները, հատուկ պահպանվող տարածքները և հետազոտական հաստատությունները:

«Այս ծրագրի նպատակն է խթանել անդրսահմանային համագործակցությունը, որը երկրները պետք է իրականացնեն ընդհանուր ռեսուրսներն օգտագործելու միջոցով»,- ասաց փոխնախարարը:

Գարեգին Մելքոնյանը տեղեկացրեց, որ առաջին փուլին ծրագիրը բավական հաջող է ընթացել: Հայաստանից մասնակցել են 20-ից ավելի կառույցներ, կան հաջողված օրինակներ:

«Այսօրվա աշխատաժողովով մեկնարկում է ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցելու համար հայտերը պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբեր ամիսը»,- ասաց նա:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ծրագրի ղեկավար Ջոն Բարկերն էլ  նշեց, որ ինքն անձամբ շատ խանդավառված է, որ ԵՄ-ն որոշեց նման քայլ անել:

«Գլխավոր նպատակն այն է, որ փորձը, գաղափարները համադրվեն, կիսվեն անդամ  ու ոչ անդամ երկրների միջև: Առաջին փուլի իմ դիտարկումն այն է, որ Հայաստանի իրականացված ծրագրերը խիստ հաջող էին և օգտավետ տարածաշրջանային առումով: Սակայն հիասթափված էի, որ շատ առաջարկներ չկային և հիմա հույս ունեմ, որ դիմորդների թիվն ավելին կլինի»,- ասաց նա։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության համատեղ գործողությունների ծրագիրը, մասնակից երկրներում գործընկեր գտնելու հնարավոր եղանակները, գործող պահանջները, ծրագրի ներքո իրականացվող  ծրագրերի հայցադիմումների փաթեթների ձևաչափերը և բովանդակությունը, գործընկերների դերն ու պարտականությունները, իրականացման կարգը և այլն:

Ի դեպ, ծրագրին նաև պետք է մասնակցեր Ադրբեջանը, սակայն, ինչպես հայտնեց Գարեգին Մելքոնյանը, քննարկումներից հետո Ադրբեջանը ծրագրից դուրս է մնացել:

 

Placeholder