ՀՀԿ-ն որոշել է նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ. Արմեն Աշոտյան
Քաղաքական
21:12 08/09/2016
Հայաստան

ՀՀԿ-ն որոշել է նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին ներկայացվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը և ՀՀԿ-ն տվել է իր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին: Այսօր Հանրապետական կուսակցությունում տեղի ունեցած Գործադիր և խորհրդի նիստերից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը աշխատեց շուրջ 2 և կես տարի: Այս ընթացքում իրականացված բազում փոփոխություններ իրենց օրակարգով հանգեցնում են նաև քաղաքական փոփոխությունների:
Քաղաքական փոփոխությունների հրամայականը նաև հանրային ակնկալիք է և պահանջ: ՀՀԿ-ն շարունակում է մնալ քաղաքական նորաձևության և քաղաքական տեմպի միակ աղբյուրը: Եվ անսալով հասարակական, քաղաքական և այլ ոլորտներից եկող ազդակներին, ՀՀԿ-ն որոշել է նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ», -հայտարարեց Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի անունից շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին և իր ղեկավարած կառավարությանը:

Կարեն Կարապետյանի վրա ընտրությունը կանգ է առել, քանի որ այդ թեկնածուն ունի մեծ փորձ ՏԻՄ կառավարման համակարգում, էներգետիկ և տնտեսական ոլորտի գիտելիքներ ու կառավարման ոլորտում մեծ հմտություններ:

«Այդ հմտությունները թույլ կտան առաջնորդել փոփոխությունները և հաշվի առնելով այդ ամենը, Հանրապետական կուսակցությունը տվել է իր վստահության մանդատը Կարեն Կարապետյանին: Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում ձևավորվելու է նոր կառավարություն, և կառավարությունը ԱԺ-ին կներկայացնի նոր ծրագիրը», -հայտարարեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ դրանում անդրադարձ կարվի Հայաստանի ոչ միայն կարճաժամկետ, այլ երկարաժամկետ զարգացման տեսլականին:
 

Placeholder